ՀՊՏՀ-ում գտնվող «Ֆուլբրայթի» կրթաթոշակակիր Փիտր Թումանոֆը հրաժեշտի հանդիպում ունեցավ ռեկտորի և պրոռեկտորի հետ

Դիտումների քանակ՝ 1325

2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալված «Ֆուլբրայթ» հիմնադրամի կրթաթոշակակիր Փիտր Թումանոֆի գործուղման ժամկետն ավարտվել է, ինչի կապակցությամբ այսօր նրան հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Թումանոֆին հյուրընկալության համար՝ նշելով, որ նրա այցը բավական օգտակար էր ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների համար, ինչի առնչությամբ  առկա են դրական արձագանքներ: «Շահագրգռված ենք շարունակելու մեր համագործակցությունը Ձեզ հետ՝ ցանկացած ձևաչափով»,- նշեց համալսարանի ղեկավարը՝ հավելելով, որ մեր համալսարանը ամերիկյան համալսարանների հետ համագործակցության ծրագրեր գրեթե չունի, ուստի ուրախ կլինի համագործակցություն սկսել նաև նրանց հետ:

Իր հերթին Փիտր Թումանոֆը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, հույս հայտնեց, որ համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ կլինի շարունակական և այս առումով արդեն իսկ որոշակի ծրագրեր նախանշվում են մասնավորապես «Հորիզոն -2020» նախագծի շրջանակներում: Պրոֆեսորը հատկապես ցանկություն հայտնեց մասնակցելու համալսարանի տարեկան գիտաժողովին, որը սովորաբար կազմակերպվում է աշնանը, և անմիջապես ստացավ ռեկտորի հրավերը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը նաև հետաքրքրվեց հայաստանյան այցի տպավորություններով: Պրոֆեսորը նշեց, որ իր և կնոջ համար Երևանում անցկացրած այս ամիսները շատ տպավորիչ են եղել, իրենց ընտանիքը հնարավորություն է ունեցել նաև ուսումնասիրելու ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր ծագմանը վերաբերող որոշակի տեղեկություններ գտնել: «Ինձ միշտ ասել են, որ ես ունեմ վրացական արմատներ, բայց այստեղ եղածս ժամանակ ես հասկացա, թե որքան կարևոր են իմ հայկական արմատները և թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունեցել իմ ձևավորման գործում: Ես այստեղ սկսեցի հետաքրքրվել իմ արմատներով, ծագումով, նաև ձեռք բերեցի լավ ընկերներ, որոնց դրական էներգիան ինձ կստիպի միշտ ձգտել դեպի Հայաստան»,- ասաց Փիտր Թումանոֆը՝ հավելելով, որ իր հայաստանյան այցի, հանդիպումների, դասախոսությունների ու հետազոտությունների մասին անպայման կպատմի բոստոնյան իր ուսանողներին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը խոսեց ակադեմիական շարժունության շրջանակներում փոխանակման ծրագրերի կարևորության մասին՝ շեշտելով, որ դրանք ոչ միայն փորձի, գիտելիքի, դասավանդման մեթոդների փոխանակման հնարավորություն են ընձեռում, այլև միջմշակութային հաղորդակցության հրաշալի առիթ են: Անդրադառնալով կոնկրետ պրոֆեսոր Թումանոֆի այցին՝ պրոռեկտորն ընդգծեց, որ այն շատ օգտակար էր թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար, որոնք դրականորեն տպավորված են: «Կարծում եմ, նման փոխանակումները մեծ լիցք կհաղորդեն մեր ուսանողներին և անձնակազմին»,- շեշտեց Գագիկ Վարդանյանը:

Հանդիպման վերջում ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշանվեր և պատվոգիր հանձնեց հյուրին՝ համագործակցության շարունակության հույսով ու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ «Ֆուլբրայթ» հիմնադրամի կրթաթոշակակիր, ամերիկացի  պրոֆեսոր, մեր հայրենակից Փիտր Թումանոֆն այս ընթացքում   տնտեսագիտության տեսության, մաթեմատիկական տնտեսագիտության և էկոնոմետրիկայի գծով դասախոսություններ է կարդացել համալսարանի տարբեր ֆակուլտետներում, ինչպես նաև Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղում: Երեկ նա  վերջին դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում:

Լեփ-լեցուն լսարանում, որտեղ ներկա էին տարբեր մասնագիտությունների և կուրսերի, ինչպես նաև օտարերկրացի ուսանողներ, պրոֆեսորը, տնտեսագիտության տեսության հիմնահարցերին զուգահեռ ներկայացրեց ծագումով հայ ամերիկացի տնտեսագետ Արմեն Ալչյանին, ով 20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից է, նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության հիմնադիրներից մեկը:

Նշենք նաև, որ «Տնտեսագետ» ամսագիրը հարցազրույց է վարել Փիտր Թումանոֆի հետ. այն տեղ կգտնի ամսագրի մայիս-հունիսյան համարում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին