Միջազգային գործունեության, պրակտիկայի կազմակերպման և մի շարք այլ հարցեր՝ գիտխորհրդի հերթական նիստում

Դիտումների քանակ՝ 1733

ՀՊՏՀ գիտական խորհուրդը՝ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօր գումարեց հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը՝ «Միջազգային գործունեության վիճակը և խնդիրները» զեկուցեց համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ մասնավորապես նշելով, որ 2015-2016 թվականներին համալսարանի միջազգայնացման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել, մեկնարկել են աննախադեպ քանակի փոխանակման ծրագրեր: Պրոռեկտորն անդրադարձավ ուսանողների շարժունության, օտարերկրյա ուսանողների քանակին, փոխանակման ծրագրերում ընդգրկված ուսանողների և դասախոսների, դասավանդման և հետազոտության նպատակներով արտերկիր մեկնած ՀՊՏՀ դասախոսների թվին, համալսարանի միջազգային համբավի գնահատման ցուցանիշներին, կրթական ծառայությունների արտահանումից ներգրավված միջոցների ծավալին, ազգային լսարանի հետ հաղորդակցությունների զարգացման մակարդակին՝ վկայակոչելով համալսարանի պաշտոնական կայքի այցելությունները, որոնք, պրոռեկտորի խոսքով, դինամիկ աճ ունեն: Գագիկ Վարդանյանն անդրադարձավ նաև խնդիրներին՝ մասնավորապես ընդգծելով օտար լեզվի իմացության ոչ բավարար մակարդակը, արտասահմանցի ուսանողների փոքր քանակը, կրթական ծրագրերի՝ միջազգային հավաստագրում և հավատարմագրում անցած չլինելու հանգամանքները և այլն: Հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում: Արդյունքում գիտական խորհուրդը համալսարանի միջազգային գործունեության զարգացմանն ուղղված աշխատանքը համարեց բավարար:

Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց «Ուսումնաարտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակը և դեկանատների ու ամբիոնների խնդիրները» հարցը: Պրոռեկտորն ընդգծեց կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման մասին՝ հայտնելով, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցող պետական և մասնավոր կազմակերպությունների թիվը հասել է շուրջ 100-ի, շեշտեց, որ այս տարի կազմակերպվել է 2274 ուսանողի փորձառություն, անդրադարձավ գործընթացի կազմակերպական և բովանդակային խնդիրներին: Գիտխորհուրդը կատարված աշխատանքը գնահատեց բավարար:

Փակ գաղտնի քվեարկության դրվեցին և միաձայն հաստատվեցին ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյանին պրոֆեսորի կոչում շնորհելու   (կրկնական քննարկում) ու միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Հրանուշ Գաբրիելյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցերը: Դրանք ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ 2017թ պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական կազմակերպության, առանձնացված գիտական կամ գիտակրթական ստորաբաժանման (ընդհանուր օգտագործման կենտրոնի, լաբորատորիայի) գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի համար ներկայացված հայտերը, որոնք գիտխորհուրդը երաշխավորեց: Հրատարակության երաշխավորվեց նաև մարքեթինգի  ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանի և նույն ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Գևորգ Պապոյանի «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ուսումնական ձեռնարկը:

Օրակարգը սպառելուց հետո ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց կիսամյակը 16 շաբաթով կազմակերպելու մասին հարցը՝ շեշտելով, որ սա արվում է դասաձախողումները բացառելու նպատակով: Գիտխորհուրդը հաստատեց առաջարկը, իսկ մանրամասները, պրոռեկտորի խոսքով, կներկայացվեն առաջիկայում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում գիտխորհրդի ընդարձակ որոշումները կլինեն առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին