ՀՊՏՀ ռեկտորը վերապատրաստված դասախոսներին հավաստագրեր հանձնեց
ՀՊՏՀ դասախոսների 2015-2016 ուստարվա վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլի մասնակիցների հավաստագրերը այսօր հանձնեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսորԿորյուն Աթոյանը: ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթությանկենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 98 դասախոս: Հավաստագրերի հանձնմանը ներկա էին ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրեռոկտոր Սևակ Խաչատրյանը, շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը, նույն կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը, շնորհավորելով դասախոսներին, ընդգծեց, որ կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի շարքում կարևոր է նաև դասախոսների վերապատրաստումը:
«Կրթության որակի բարձրացումը մի քանի քայլերի ամբողջություն է: Դա նշանակում է ունենալ շատ ավելի բարձր գիտելիքներով դիմորդներ, բարձր գիտելիքներով դասախոսներ, ունենալ հնարավորություններ՝ տեխնիկական, նյութական (գրքային) և այլն»,-ասաց ռեկտորը:
Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն ասաց, որ նախատեսվում է առաջիկայում դասախոսների հետ հանդիպում անցկացնել՝ քննարկելու այն հարցերը, որոնք կնպաստեն վերապատրաստման դասընթացների բարելավմանը:
Այնուհետև ռեկտորը հանձնեց հավաստագրերը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս տևած դասընթացներն անցկացվել են երեք ուղղությամբ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների յուրացում և կիրառում, ֆինանսական հաշվառում, վերլուծություն և աուդիտ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում և տիրապետում:
Շնորհավորում ենք վերապատրաստված դասախոսներին, մաղթում բեղմնավոր գիտական գործունեություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին