ՀՊՏՀ-ում ավարտական (դիպլոմային) աշխատանքների պաշտպանություններ են

Դիտումների քանակ՝ 2695

ՀՊՏՀ-ում ապրիլի 25-ին մեկնարկել են  2015-2016 ուստարվա առկա բակալավրիատի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները:

Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների ուսանողները:

Առկա բակալավրիատում ավարտական աշխատանքների պաշտպանությունները կտևեն ապրիլի 25-ից մայիսի 26-ը, առկա մագիստրատուրայում մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կմեկնարկեն ապրիլի 28-ին և կտևեն մինչև մայիսի 26-ը, հեռակա բակալավրիատի (5-րդ կուրսեր) ավարտական աշխատանքների պաշտպանությունները կսկսվեն մայիսի 30-ին, կավարտվեն հունիսի 17-ին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր հետևել է պաշտպանությունների ընթացքին, ունկնդրել մի քանի ելույթներ: Քննական լսարաններում անկաշկանդ մթնոլորտ է, ուսանողները փոքր-ինչ  հուզված են, սակայն ելույթ են ունենում վստահորեն:

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում առաջինն աշխատանքը պաշտպանեց գերազանցիկ ուսանողուհի, ՀՊՏՀ անվանական  կրթաթոշակառու Տաթևիկ Հովհաննիսյանը: «Տարածաշրջանային զարգացման բանկերի գործունեությունը և դրանց ներդրումային գործունեության գնահատումը համաշխարհային տնտեսությունում» թեմայով աշխատանքում Տաթևիկն ուսումնասիրել է տարածաշրջանային զարգացման բանկերի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի և այս կառույցի համագործակցության ոլորտները: Հանձնաժողովը գոհունակություն հայտնեց նրա ելույթից, իսկ ընդդիմախոսը կարծիք էր հայտնել, որ աշխատանքն արժանի է գերազանց գնահատականի: Հաջորդիվ «Ծովային ելք չունեցող երկրների հիմնախնդիրները» (ՀՀ օրինակով) թեմայով  աշխատանք ներկայացրեց ուսանողուհի Լաուրա Մաթասյանը:

Ներկայացնում ենք ակնթարթներ՝ 3 ֆակուլտետների ավարտական աշխատանքների այսօրվա պաշտպանություններից:

Ավարտական կուրսերի ուսանողներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին