Մենք ամեն ինչ անում ենք, որ համալսարանում մարզական կյանքն աշխույժ լինի. ՀՊՏՀ ռեկտոր
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և ՀԵՀ աջակցությամբ անցկացվող ամենամյա «Ուսանողական գարուն» փառատոնը, որն այս տարի մեկնարկել է ապրիլի 20-ին, շարունակվում է, մի շարք մարզաձևերից այս օրերին համալսարանում անցկացվում են առաջնություններ:
Բոլոր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ այսօր սկսված շախմատի առաջնության մասնակիցներին խրախուսելու և նրանց խաղին հետևելու համար առաջնությանը ներկա գտնվեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանի ուղեկցությամբ: Շեշտելով, որ Հայաստանում շախմատը մեծ տարածում ունի, համալսարանի ռեկտորն ասաց, որ մեր բուհը ևս անմասն չէ այդ իրողությունից և ամենամյա փառատոնների ընթացքում կազմակերպվում են նաև շախմատի առաջնություններ: «Մենք՝ համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը ամեն ինչ անում է և ամեն ինչով աջակցում է, որպեսզի համալսարանում մարզական կյանքն աշխույժ լինի»,- նշեց Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ նման մոտեցումն արդարացված է և համալսարանը բազում հաջողություններ ունի, ինչի փայլուն օրինակը ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի կողմից Հայաստանի չեմպիոնության նվաճումն է:
Խաղն ընթանում է, արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին