ՀՊՏՀ-ականները՝ միջբուհական ֆորումում. Անդրանիկ Մանուկյանը Ֆրանսիայում կներկայացնի Հայաստանը

Դիտումների քանակ՝ 1526

Ապրիլի 15-18-ը Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) և Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվել է «Ֆինանսական նորարարություններ՝ ազգային զարգացման համար» (FIND) խորագրով  միջբուհական ֆորումը, որին հաջող մասնակցություն են  ունեցել ՀՊՏՀ ուսանողները: Ֆորումը անգլալեզու է եղել, մասնակցել են հայաստանյան 6 բուհերի ավելի քան 60 ուսանողներ: Յուրաքանչյուր համալսարանի թիմին առաջադրվել է կոնկրետ թեմա, որի շրջանակներում ուսանողները պետք է ելույթ ունենային, վեր հանեին հիմնախնդիրները և առաջարկեին լուծումներ: ՀՊՏՀ-ականները քննարկել են երկարաժամկետ ֆինանսական պլանավորման անհրաժեշտության շուրջ հարցեր, փորձել առկա  հիմնախնդիրների լուծումներ առաջարկել: Աշխատանքը թիմային է եղել, թիմի անդամները պատասխանել են  ունկնդիրների հարցերին, բանավիճել:

ՀՊՏՀ-ից ֆորումին մասնակցել են միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Անդրանիկ Մանուկյանը, Հովհաննես Մելքումյանը, Լիլիթ Մանուկյանը, Տաթև Թորաբյանը, Մարիամ Մաշուրյանը, բանկային գործ մասնագիտության 3-րդ կուրսեցի Անդրանիկ Սարգսյանը, ֆինանսներ մասնագիտության (հեռակա) 1-ին կուրսեցի Ռոբերտ Մանուկյանը:

Անգլերենի փայլուն իմացությամբ և ճարտասանական ձիրքով աչքի է ընկել ՀՊՏՀ ուսանող,  միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսեցի Անդրանիկ Մանուկյանը, ով մրցատյանի կողմից ճանաչվել է «Լավագույն պատվիրակ»: Որպես պարգև՝ Անդրանիկը հնարավորություն է ստացել  ամռանը Ֆրանսիայում մասնակցելու  ԵԵՊ-ի կողմից կազմակերպվելիք  միջազգային ֆորումին, որտեղ ներկայացնելու է  Հայաստանը։

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրույցել է  Անդրանիկ Մանուկյանի, Հովհաննես Մելքումյանի և Լիլիթ Մանուկյանի հետ: Ուսանողները տպավորված են ֆորումից և նշում են, որ մասնակցությունը հաճելի և օգտակար էր, զարգացրել է իրենց գիտելիքները, բանավիճային, անգլերեն հաղորդակցվելու հմտությունները: «Լավագույն պատվիրակ» Անդրանիկ Մանուկյանը սովորում է գերազանց առաջադիմությամբ, նպատակասլաց է, աշխատասեր (ինչպես բնութագրեցին ընկերները): Անդրանիկը ոգևորված է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել հուլիսի 14-23-ը Հայաստանը ներկայացնելու Ֆրանսիայում:

ՀՊՏՀ թիմի անդամները ստացել են խրախուսական պարգևներ:

Շնորհավորում ենք Անդրանիկ Մանուկյանին ու նրա թիմակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին