ՀՊՏՀ-ակաների հաղթանակները ֆուտզալում և բասկետբոլում

Դիտումների քանակ՝ 1308

Մեր ուսանողները շարունակում են հաղթարշավը հանրապետական մարզական խաղերում, ինչպես նաև Հայաստանի ֆուտզալի առաջնությունում: Օրերս ամփոփվել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնությունը, որտեղ ՀՊՏՀ հավաքականը նվաճել է 3-րդ մրցանակային տեղը: Նշենք, որ մեր բասկետբոլիստուհիների թիմի մարզիչն է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Ստանիսլավ Ավանեսովը:

Ապրիլի 17-ին Հայաստանի ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության եզրափակիչ փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացել է ՀՊՏՀ և Վանաձորի «ՎՊՀ» թիմերի  հանդիպումը, որտեղ մեր ֆուտզալիստները 4:0 հաշվով հաղթանակ են արձանագրել՝ մրցաշարային աղյուսակում ամրապնդելով առաջատարի դիրքերը: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր, իսկ  չեմպիոնի կոչմանն արժանանալու համար ՀՊՏՀ թիմին պակասում է ընդամենը  1 հաղթանակ:

Եզրափակելով մարզական խճանկարը՝ հավելենք, որ այսօր բասկետբոլի առաջնությամբ  մեկնարկում են  ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը, որին մասնակցում են նաև ՀՊՏՀ ուսանողները:

Մեր ուսանող-մարզիկներին մաղթում ենք հաջող ելույթներ և հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին