Հոկտեմբերի 25-ին ՀՊՏՀ-ում մեկնարկում է Աշխատանքի տոնավաճառ՝ շուրջ 50 գործատուների մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 2285

Հարգելի՛ այցելուներ, ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, հոկտեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ ժ.11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից ներկայացնում են տոնավաճառի մասին մանրամասներ՝ նշելով, որ տոնավաճառին, որպես գործատուներ, մասնակցելու են ՀՀ առաջատար առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի, հյուրանոցային բիզնեսի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը, կանցկացնեն հարցազրույցներ և կհամալրեն իրենց աշխատակազմը համապատասխան մասնագետներով: Աշխատանքի տոնավաճառին մասնակցություն կունենա շուրջ 50 գործատու, այդ թվում՝ 11 բանկեր, 5 ապահովագրական ընկերություններ, 6 վարկային, 3 հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպություններ և 24 այլ ընկերություններ: Մասնակից կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխատանքի տոնավաճառում ներկայացված են լինելու նաև Էրազմուսի ազգային, Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ինչի շնորհիվ տոնավաճառի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին: Բացի այդ, Աշխատանքի տոնավաճառին ներկայացված է լինելու նաև ՀՊՏՀ-ն որպես գործատու, համալսարանի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման, միջազգային կապերի, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինների աշխատակիցները ներկայացնելու են ինչպես համալսարանում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, այնպես էլ Erasmus+ և կրթաթոշակային տարբեր ծրագրերին դիմելու հնարավորությունները, համալսարանում ներկայումս կազմակերպվող կարճաժամկետ դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն:
Աշխատանքի տոնավաճառի շրջանակներում ժ.13:00-ին ՀՊՏՀ-ի մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները և ՀՊՏՀ ուսանողները և շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցելու վարպետաց դասերին: Խոսնակներին և թեմաներին ծանոթացեք ստորև:
Թեմա՝ «Ամենապահանջված մասնագիտությունը»
Խոսնակ՝ Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյան
Թեմա՝ «Ո՞ւմ է փնտրում գործատուն. Աշխատաշուկայի արդի պահանջները Հայաստանում»
Խոսնակ՝ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Երիտասարդության ոլորտի հետազոտողների եվրոպական ցանցի անդամ Մարինա Գալստյան
Թեմա՝ «Ինչպե՞ս գրել մրցունակ կենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպե՞ս ներկայանալ աշխատանքի հարցազրույցների»
Խոսնակ՝ Կարիերայի խորհրդատու, ֆրիլանս recruiter Լիանա Ամիրաղյան
Աշխատանքի տոնավաճառին հրավիրվում են ՀՊՏՀ ուսանողները, շրջանավարտները և բոլոր ցանկացողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին