Բաց դռների օրը հայտնի դարձան տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթի հաղթողները

22.04.2024
Դիտումների քանակ՝ 810

Ապրիլի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ամենամսյա բաց դռների օրվա շրջանակում, կրկին հյուրընկալել էր իր ապագա դիմորդներին։ Այս միջոցառումը, սակայն, յուրահատուկ էր, քանի որ մեկնարկեց տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթի ամփոփմամբ։ Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է չորրորդ անգամ։ Մասնակիցներին ողջունեց և երեք հաղթողներին մրցանակներ հանձնեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը։ «Մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին սեպտեմբերին տեսնել մեր համալսարանում, ինչը կփաստի, որ ձեր նախապատվությունը տվել եք մեզ և բարեհաջող եք հանձնել միասնական քննությունները»,- ասաց բուհի ղեկավարը՝ շնորհավորելով մրցույթի և՛ մասնակիցներին, և΄ հաղթողներին։

«Տնտեսագիտական էսսեների մրցույթ–2024»-ի հաղթողներն են Հասմիկ Գալստյանը՝ Հ․ Օրբելու անվան N13 ավագ դպրոցից, Նադեժդա Դովլաթյանը՝ Երևանի N2 ավագ դպրոցից և Հասմիկ Ամիրխանյանը՝ Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցից։ Տնտեսագիտական համալսարան ընդունվելու դեպքում նրանք կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի։ Դիմորդներին ողջունեց և ավագ ընկերոջ խորհուրդներ հղեց ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Արև Մանուկյանը, ապա հանձնեց հանձնաժողովի համակրանքին արժանացած մասնակիցների նվերները։

Հավաստագրեր և խրախուսական նվերներ ստացան մրցույթի բոլոր մասնակիցները։

Հաջորդիվ միջոցառումը շարունակվեց բաց դռների ձևաչափով, որի ընթացքում դիմորդներն իրենց հարցերի պատասխաններն ստացան ՀՊՏՀ ուսանողներից, ծանոթացան բուհի մասնագիտություններին, զեղչային համակարգին, արտերկրում սովորելու հնարավորություններին և, իհարկե, ուսանողական աշխույժ առօրյային։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում