ՀՊՏՀ ուսանողից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից. մեր հյուրն է նորավարտ տնտեսագետ Տիգրան Ղալայանը
Պահանջված ու լավ մասնագետ դառնալու փխրուն երազանքով բուհ ընդունվելիս հետո չպետք է դադարել այդ երազանքով բոցավառվելը, դրա փշրվող բյուրեղների ճեղքերը համառորեն սոսնձելը: …Եվ մտապահել այդ նվիրական իղձը, ուսանողական տարիներին հաղթահարել դրան տանող ճանապարհի ամենաքարոտ հատվածը. խոսքն, այո, ջանասիրաբար սովորելու, պրպտելու և թրծվելու մասին է: Եվ երբ հիշյալ երազանքդ տեսական ու գործնական կողմերով կարծրացած լինի, կորոնես ու կտեսնես այն ափիդ մեջ շողարձակելիս, նրա ճերմակ բյուրեղների մեջ կտեսնես քեզ` քո նոր տեղում:
asue.am-ի «Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագրի այսօրվա հյուրն է ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» մասնագիտության (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ) բակալավրիատի այս տարվա գերազանցիկ շրջանավարտ Տիգրան Ղալայանը: Նա նոր է աշխատանքի անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և հատուկ ուղերձում ներկայացնում է իր հաջողության պատմությունը, այն մասին, թե ինչ տվեց ՀՊՏՀ-ն, և ինչպես ՀՊՏՀ ուսանողից դարձավ Հայաստանի տնտեսության կարևորագույն հարցերի լուծման առաքելությունը ստանձնած էկոնոմիկայի նախարարության աշխատակից: Տիգրանի ուղերձը` ստորև:
«Ավագ դասարաններում սովորելու ընթացքում ցանկացած աշակերտի մոտ առաջանում է տրամաբանական մի հարց՝ ի՞նչ մասնագիտություն ընտրել, ո՞ր բուհն ընդունվել։ Չթերագնահատելով այս հարցի կարևորությունը՝ ես ամենայն լրջությամբ դիտարկեցի բոլոր տարբերակները և եկա այն եզրակացության, որ իմ դեպքում ամենանպատակահարմարը Տնտեսագիտական համալսարանն է։ Ընտրություն կատարելու որոշիչ գործոնները իմ նախասիրություններն ու հետաքրքրություններն էին, մասնավորապես, մաթեմատիկան և սերը վերլուծական աշխատանքի նկատմամբ։ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում իմ հետաքրքրությունները ոչ միայն զարգացան, այլ նաև համալրվեցին նորերով։ Հենց այստեղ ուսումնառության ընթացքում ինձ մոտ ձևավորվեց պետական հատվածում ինքնաիրացվելու նպատակը։ Համալսարանից առավելագույնը ստանալու և սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր անընդմեջ զարգացնել մասնագիտական հմտությունները, բաց չթողնել նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու և ոչ մի հնարավորություն։ Այդպիսիններից մեկն էր «Eurasian week» ամենամյա միջազգային տնտեսական ֆորումը, որը 2018 թվականին անցկացվեց Երևանում։ Համալսարանի շնորհիվ միջոցառմանը մասնակցելով՝ ես կարողացա անձամբ ծանոթանալ Հայաստանի գործընկեր երկրների ներկայացուցիչների և նրանց տնտեսական նպատակների հետ։ Համալսարանի ընձեռած լավագույն հնարավորություններից մեկն էր նաև «Էրազմուս+» նախագիծը, որը թույլ տվեց ոչ միայն մեկ կիսամյակ սովորել Ցենովի տնտեսագիտական ակադեմիայում (Բուլղարիա), այլև զարգացնել օտար լեզուների իմացությունը, դուրս գալ միջազգային իրականություն, ընդլայնել մասնագիտական հմտությունների շրջանակը և, ինչու չէ, ճամփորդել։
Մասնագիտությանս մեջ է′լ ավելի կոփվելու, ավելին իմանալու, ամեն օր մի բան սովորելու չմարող մղումով և արդեն իսկ ավարտական կուրսի ուսանող լինելով ու փնտրելով կամուրջներ դեպի աշխատաշուկա՝ սկսեցի հաճախել ՀՊՏՀ Change Lab-ի դասընթացներին: Այստեղ ամրապնդեցի տեսական գիտելիքներս և հենց այստեղ էլ ինձ համար ճանապարհ բացվեց դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Change Lab-ում, ըստ հմտությունների, ուսանողներին ուղղորդեցին ՀՀ պետական և մասնավոր հատվածներ: Իսկ ես պետական հատվածը վաղուց էի թիրախավորել…
Սկսեցի վերլուծական հմտություններս իրացնել էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչությունում և մի քանի ամիս տևած փորձառությունից հետո ստացա աշխատանքի անցնելու առաջարկ, որը, փաստորեն, իմ նպատակի իրագործման առաջին քայլն էր։ Հունիսի 1-ից ես արդեն գրանցված աշխատող եմ, հանրային ներդրումների ոլորտի երիտասարդ մասնագետ, իրականացնում եմ ռիսկերի գնահատում և հանրային նախագծերի ֆինանսատնտեսական վերլուծություններ։ Եվ այս ամենը` իմ ՀՊՏՀ-ի շնորհիվ:
Ուղերձս այն է, սիրելի′ ՀՊՏՀ-ական, որ կարևոր է մասնագիտությունը սիրելը, չէ՞ որ այն ընտրել ես քո նախասիրություններով և սրտում պահած նվիրական նպատակներով: Եվ թող ոչինչ չխանգարի քեզ` քո ընտրած մասնագիտության գծով կայանալու և լավ մասնագետ դառնալու ճանապարհին: Աշխատասեր և ձգտո′ղ եղիր, և ուսումնառությունդ կտա իր տրամաբանական արդյունքը՝ դարձնելով քեզ աշխատաշուկայում մրցունակ:
Ձեր ՀՊՏՀ-ական տնտեսագետ` Տիգրան»։
Ի դեպ, Տիգրանը ՀՊՏՀ մագիստրատուրայում կշարունակի ուսումը, նա մեր նոր մասնագիտություններից ընտրել է ևս մեկ արդիական ճյուղ` «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»-ը:
Հայկական հեքիաթների բարի ավարտի տրամաբանությամբ, երկնքից 3 խնձոր է ընկնում, այս դեպքում՝ 3-ն էլ Տիգրանին. նրան շնորհավորելու 3 առիթ ունենք` 1-ինը` ՀՊՏՀ-ն գերազանցությամբ ավարտելն է, 2-ը` էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի անցնելը, 3-ը` մագիստրատուրա ընդունվելը: Բայց կարծես, մեզ 1 խնձոր էլ է անհրաժեշտ, որն, անշուշտ ՀՊՏՀ-ինն է, մեր սիրելի ու ջերմ կրթօջախինը, այն բանի համար, որ նա կերտում ու պատրաստում է Տիգրանի նման կադրեր` լավագույնս սպասարկելով պետության շահը: Ուրեմն, անկասկած, 4-րդն էլ` ՀՊՏՀ-ին:
Շարունակելի…
Հ.Գ. Մեր այս խորագրի առաջին նյութին` երիտասարդ դասախոս Ծովինար Սարգսյանի ուղերձին ծանոթացեք այստեղ: Հաջորդիվ կներկայացնենք կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների` մասնագիտությամբ աշխատող նորավարտներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին