Մասնակցություն բովանդակալից ու հիշարժան ամառային դպրոցին

Դիտումների քանակ՝ 1842

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակից, վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը և ՀՊՏՀ մի շարք ուսանողներ օգոստոսի 1-10-ը մասնակցել են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կազմակերպած ամառային դպրոցին՝ «Զարգացող տնտեսության մարտահրավերները» («Challenges for Emerging Economy») խորագրով:
Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Ացամազ Բիչենովը և Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:
Ամառային դպրոցը ներառել է տարբեր թեմաներ՝ քաղաքատնտեսություն, նորաստեղծական տնտեսություն, բանկային համակարգ և ֆինանսական ռիսկեր, վարքագծային տնտեսագիտություն և այլն:
Զեկույցով հանդես է եկել տնտեսագիտության ֆակուլտետի տեսական տնտեսագիտության բաժանմունքի դոցենտ Ալեքսեյ Զախարովը: Մասնակիցները ձեռք են բերել նաև R, Rstudio և Gephi ծրագրերով աշխատելու գործնական հմտություններ, պատրաստել և ներկայացրել են խմբակային ծրագրեր, որոնցից 2-ը հրավիրվել են՝ «Բարի» ֆոնդի շրջանակներում իրագործելու:
Բոլոր դասընթացների բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Մասնակիցները տպավորված են հատկապես կազմակերպիչների և դասախոսների՝ իրենց աշխատանքին նվիրվածությամբ: Ամառային դպրոցի 10 օրերի ընթացքում մասնակիցներն ու դասախոսներն աշխատել են թե՛ լսարանում, թե՛ տանը:
Նշենք, որ ամառային դպրոցը կազմակերպվել է առանց որևէ ֆինանսավորման, բացառապես կամավորության սկզբունքով: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դասախոսներին, ինչպես նաև կազմակերպչին՝ ՀՊՏՀ 2013 թ. շրջանավարտ Զարուհի Հակոբյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին