Գործնական և հագեցած այցելություն Յուրայ Դոբրիլայի համալսարան

Դիտումների քանակ՝ 1777

«Էրազմուս+»-ի վարչական աշխատակիցների փոխանակման ծրագրով տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արսեն Պետրոսյանը հունիսի 26-30-ը գտնվել է Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում:
Այցի ընթացքում մեր գործընկերը ծանոթացել է հաստատության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին, և քանի որ համալսարանը բազմապրոֆիլային է, ապա հիմնական գործողությունները՝ սեմինարներ, կլոր սեղաններ, թրեյնինգներ, ծավալվել են տնտեսագիտության և զբոսաշրջության ֆակուլտետում:
Մեզ հետ զրույցում, անդրադառնալով կատարված աշխատանքին, Արսեն Պետրոսյանը ասաց. «Հիմնականում աշխատել եմ ֆակուլտետի դեկանի հետ, ուսումնասիրել ենք ուսումնակազմակերպական բազմաբնույթ հարցեր, համեմատականներ ենք անցկացրել, փորձ փոխանակել և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի գիտաժողովներում միմյանց ընդգրկենք. ինչպես և մեր համալսարանում, այնտեղ նույնպես ամեն տարի նոյեմբերին հրավիրվում է միջազգային գիտաժողով»,- ասաց ՀՊՏՀ փոխդեկանը:
Առանձին շնորհանդեսով նա նաև խորվաթ գործընկերներին և ուսանողներին ներկայացրել է մեր համալսարանը, ռազմավարական ուղենիշները, ապա մասնակցել է «Դանուբյան երկրների տնտեսական զարգացման հիմնախնդիրները» գիտաժողովին, ինչպես նաև այդ համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակիցների հետ միասին քննարկել է ուսանողների փոխանակման ծրագրով մեկնող և ժամանող ուսանողների կրեդիտների փոխանցման գործընթացը էլ ավելի դյուրին դարձնելու խնդիրներ:
Գործնական և հագեցած այցելությունը, Արսեն Պետրոսյանի խոսքով, լրացվել է ջերմ հյուրընկալությամբ, Խորվաթիայի և նրա ժողովրդի պատմամշակութային ներկային և անցյալին ծանոթությամբ:
Մեր համալսարանում ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին