Օրակարգում ուսանողական սպորտի զարգացումն է

Դիտումների քանակ՝ 2010

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի համագործակցությամբ հուլիսի 6-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բուհերի (ՀՊՏՀ, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ԵՊԼՀ, ԵՊԲՀ, ՃՇՀԱՀ-ն, ՀՌՀ-ն, ՀՊՄՀ, Ամերիկյան և Ֆրանսիական համալսարաններ) ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպում-քննարկում, որի օրակարգում են եղել հանրապետությունում ուսանողական սպորտի զարգացման մի շարք առանցքային խնդիրներ և կազմակերպական հարցեր: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով.
«Օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը աշնանը կայանալիք ուսանողական մարզական միջոցառումներն էին, մասնավորապես՝ սեպտեմբերի 20-ին նախատեսված համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառումը: Այն բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցություն է սկսել Հայաստանի դրագոնբոութ մարզաձևի ֆեդերացիայի հետ, որի նախագահ Մակար Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց աշխարհում լայն տարածում ստացած նավակային այս մարզաձևը, հայաստանյան ուսանողության շրջանում այն զարգացնելու, հետագայում նաև ուսանողական խաղերում ընդգրկելու հարցը: Մինչ սեպտեմբերի 20-ի մեծ միջոցառումը, դրագոնբոութի ֆեդերացիան հնարավորություն կստեղծի, որ բուհերի թիմերն իրենց մարզումներն անցկացնեն Վարդավարի այգու արհեստական լճում»:
Հովհաննես Գաբրիելյանը ասաց նաև, որ սեպտեմբերի 20-ի միջոցառմանը կկայանան ատլետիկական կրոսավազքի և ազգային խաղերի ՀՀ բուհերի ուսանողական մարզական խաղերի մրցումները:
Հանդիպմանը քննարկվել է համալսարանական ֆուտզալի լիգա ստեղծելու հարցը: Այս առաջարկությունը ներկայացվել է դեռևս տարեսկզբին՝ Հայ-Ռուսական համալսարանի մարզական ակումբի տնօրեն Արման Սաֆարյանի կողմից:
«Հուսով ենք՝ համալսարանական ֆուտզալի լիգան կմեկնարկի աշնանը, այն կլինի կանոնավոր առաջնություն, կանցկացվի Հայ-Ռուսական համալսարանի դահլիճում, որպես կազմակերպիչներ հանդես կգան ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, Հայ-Ռուսական համալսարանի մարզական ակումբը՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ այս իրադարձությունների անմիջական և գործուն մասնակիցը կդառնա մեր համալսարանը՝ իր ողջ ներուժով:
Օրակարգում է եղել է նաև ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի աշնանային փուլի թվով 8 առաջնությունների բարձր մակարդակով կազմակերպումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին