Կյանքից հեռացել է պրոֆեսոր Աղասի Սարգսյանը

Դիտումների քանակ՝ 3830

Խոր կսկիծով հայտնում ենք, որ կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության ու կրթության անխոնջ նվիրյալ, մեր համալսարանի ստեղծման ու կայացման հիմնասյուներից մեկը, ՀՊՏՀ (նախկինում՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ) տնտեսական գործունության վերլուծության ամբիոնի վարիչ (1975-1981 թթ.), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1994-2006 թթ.), հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ (1986-2011 թթ.) Աղասի Զալիբեկի Սարգսյանը:
ՀՊՏՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները սգում են Աղասի Սարգսյանի անդառնալի մահը և ցավակցություն հայտնում նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Տակավին վերջերս «Տնտեսագետի» 2018 թ. N2-ի էջ 16-17-ում, «Անվանի տնտեսագետներ» խորագրի ներքո գործընկերները արժևորել էին սիրված ու հարգված ղեկավարի, գիտնականի ու մանկավարժի վաստակը ու գեղեցիկ հուշեր պատմել նրա մասին: Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ
Թող խաղաղություն ու լույս իջնի անզուգականորեն բարի, ոգեղեն ու շռայլ հոգու տեր մարդու շիրիմին:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 18.00-ին «Էդեմ» սգո սրահում, որը գտնվում է Էջմիածին տանող ավտոճանապարհի աջ հատվածում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին