ՀՊՏՀ Ամառային դպրոցի մասնակիցներն այցելել են ՀՀ Ազգային ժողով

09.06.2023
Դիտումների քանակ՝ 1672

«ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» նախագծի շրջանակում Տնտեսագիտական համալսարանում ընթացող «ԵՄ և ԵԱՏՄ» խորագրով միջազգային ամառային դպրոցի մասնակիցներն ու կազմակերպիչները հունիսի 8-ին ճանաչողական այցով գտնվել են ՀՀ Ազգային ժողովում։ Խորհրդարանում նրանց ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, այնուհետև անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Հարցուպատասխանի ձևաչափով ընթացած հանդիպմանը Ամառային դպրոցի մասնակիցները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներով, տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ՀՀ դիրքորոշմամբ, հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ միջնորդական գործունեության ոլորտում տարբեր երկրների ներգրավվածության հարցերով: Պատգամավորը նշել է, որ ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը։

Երիտասարդ տնտեսագետները կարծիքներ են արտահայտել նաև ՀՀ տնտեսության վրա Եվրամիության հետ հարաբերությունների ազդեցության, ԵՄ-ից ապրանքների ներկրման և արտահանման տվյալների, հետագա կանխատեսումների վերաբերյալ: Ողջունելով ուսանողների նման ակտիվությունը՝ Արման Եղոյանը նրանց հորդորել է հետագայում ևս մասնագիտական ներգրավվածություն ցուցաբերել երկրի քաղաքական և տնտեսական հարցերում։

Խորհրդարանական այցի շրջանակում ուսանողները եղել են նաև ԱԺ թանգարանում և գրադարանում: