Միջազգային ամառային դպրոցը եզրափակվեց հավաստագրերի հանձնմամբ

09.06.2023
Դիտումների քանակ՝ 1568

Հեղինակավոր բուհերի առաջատար դասախոսներ, ինտերակտիվ դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր ու ճանաչողական այցեր․ ևս մեկ միջազգային նախագծի՝ «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)»-ի շրջանակում Տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «ԵՄ և ԵԱՏՄ» Ամառային դպրոցը, որը մեկնարկել էր հունիսի 5-ին, այսօր ամփոփեց աշխատանքները։

Ամառային դպրոցի աշխատանքներն ընթացան երկու բաժանմունքներում՝ քաղաքական և տնտեսական։ Միջազգային գործընկերները, ՀՊՏՀ դասախոսները և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես եկան հետաքրքիր ու խորքային վերլուծություններով, ուսանողների հետ միասին պարզաբանեցին թեմայից բխող արդիական բազմաթիվ հարցադրումներ։ Հնգօրյա ամառային դպրոցն առանձնացավ ինտերակտիվ դասախոսություններով, հետաքրքիր քննարկումներով, ճանաչողական այցերով ՀՀ ԱԺ և ֆոնդային բորսա։

Ամառային դպրոցի վերջին օրը ևս հագեցած էր ու բովանդակաշատ․ դասախոսություններ, հանդիպում-քննարկումներ և հավաստագրերի հանձնման հանդիսավոր միջոցառում։ Դասավանդող կազմին և մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) դասախոս, EUCON ծրագրի համակարգող Հանես Մայսները։

Շնորհավորելով մասնակիցներին՝ Լուսինե Դանիելյանն ընդգծեց, որ Ամառային դպրոցը ծառայեց իր նպատակին, այն միաժամանակ ճանաչողական էր, գիտելիքաստեղծ, հարուստ էր գործնական այցերով, հաղորդակցությամբ և ջերմ շփումներով։

Հանես Մայսները կազմակերպիչներին և մասնակիցներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության, ակտիվ ներգրավվածության համար՝ ընդգծելով, որ նախագծի կայացման գործում իր մեծ ներդումն է ունեցել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը։

Հագեցած և բովանդակալից հինգ օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան համակողմանի գիտելիք ձեռք բերելու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մտքեր ու գաղափարներ փոխանակելու, ծանոթություններ հաստատելու՝ այսպիսով միջազգայնացման հարթակում արձանագրելով ևս մեկ հաջողված քայլ։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։