Միջազգային համալսարանական սպորտի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում

29.07.2024
Դիտումների քանակ՝ 539

Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հյուրընկալեց Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Մարիան Դումալսկիին, Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և Վրոցլավի (Լեհաստան) քաղաքապետ Ջասեկ Սուտրուկին։

Հյուրերին ներկայացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ, ՀՈՒՄՖ արտաքին կապերի պատասխանատու Գրիշա Ամիրխանյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց ՀՊՏՀ անդամակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիային, հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով փոխգործակցության առավել սերտ ու արդյունավետ ուղիներ կգտնեն, որոնք կհարստանան փոխադարձ այցելություններով և համատեղ մարզական միջոցառումներով։

Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեց ՀՊՏՀ ուսանող մարզիկների հաջողությունները միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական համալսարանական խաղերի ֆուտզալի, շախմատի, սեղանի թենիսի առաջնություններում և ձմեռային մարզաձևերում։ Անդրադառնալով 2025 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը՝ նա հիշեցրեց, որ ՀՊՏՀ-ն հանդես է գալիս որպես համակազմակերպիչ և հյուրընկալող կողմ և պատրաստակամ է իր գործուն մասնակցությունը բերել այս կարևոր մարզական իրադարձությանը։ Հովհաննես Գաբրիելյանը նաև ընդգծեց, որ 2023 թ․ հոկտեմբերի 23-ին Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA) գլխավոր ասամբլեան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է EUSA-ի ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ առաջիկայում մեր համալսարանն անդամակցելու է Healty Campus-ին։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար։ Քաղաքապետ Ջասեկ Սուտրուկը հույս հայտնեց՝ ուրախ կլինի, որ Վրոցլավի տնտեսագիտական համալսարանը և ՀՊՏՀ-ն բազմակողմանի համագորակցություն ծավալեն, այդ թվում՝ մարզական ասպարեզում։

Նախանշվեցին համագործակցության նոր ուղիներ և ընդգծվեց՝ սպորտը բարեկամություն է, հատկապես երիտասարդությանը մերձեցնող ու միավորող կարևոր գործոն։