Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նոր հետազոտությունը

26.07.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 984

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հիմքերը և հիմնական մարտահրավերները» վերտառությամբ հետազոտությունը, որն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից, առցանց հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում։

Հետազոտությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ընթացքին, ծագող խնդիրներին և հիմնական մարտահրավերներին: Ոլորտին վերաբերող համաշխարհային միտումների ուսումնասիրության շրջանակներում հեղինակային խումբն անդրադարձել է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայի տարածաշրջանում, Եվրոպայում, ԱՊՀ և տարածաշրջանային այլ երկրներում տնտեսության բարդության, հետազոտությունների ու զարգացման վրա կատարվող ծախսերի, գիտելիքի առևտրայնացման և ոլորտը բնութագրող բազմաթիվ այլ ցուցանիշների դինամիկային և վերջինիս յուրահատուկ փոփոխություններին: Հայաստանում ընթացող համանման երևույթների գնահատման շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում ՏՏ (ՏՀՏ) ոլորտի մակրոտնտեսական զարգացումները, ոլորտի արտահանման աճի տեմպը և կառուցվածքը, ընդհանուր արտահանման մեջ տեսակարար կշիռը, հիմնական գործընկեր երկրները, ոլորտի սոցիալական համատեքստը և զարգացման ֆինանսական հիմքերը, իրականացվել է ոլորտի մակրոտնտեսական զարգացումների էկոնոմետրիկ գնահատում: Առկա տվյալների հիման վրա հետազոտվել է նաև ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության դինամիկան 2020-2023 թվականներին և իրականացվել ՏՏ ոլորտի զարգացումների էկոնոմետրիկ գնահատում միկրոտնտեսական մակարդակում:

Հետազոտությունը կարող է օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակողների և որոշում կայացնողների, ինչպես նաև համապատասխան մասնագետների և հետազոտողների համար: