Իր երկրային ուղին ավարտեց ՀՊՏՀ նվիրյալ, ականավոր վիճակագիր Հակոբ Հակոբյանը

13.09.2021
Դիտումների քանակ՝ 2359

Կյանքի 81-րդ տարում վախճանվեց գիտնական և մանկավարժ Հակոբ Հակոբյանը, ով, կանգնած լինելով Տնտեսագիտական մայր համալսարանի ստեղծման ակունքներում, որպես դասախոս, մտավորական ու կառավարիչ, իր անուրանալի ներդրումն է ունեցել նրա կայացման ու զարգացման ճանապարհին: Այս տխուր իրողությունն իր արձագանքն է ստացել ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնում, որտեղ սրբորեն ու սիրով մշտապես հիշելու են նրան:

Ստորև ներկայացնում ենք գործընկերների հիշատակի խոսքը:

ՀՊՏՀ նվիրյալ, ականավոր մասնագետ և պարզապես մեծատառով Մարդ Հակոբ Մելքոնի Հակոբյանի աշխատանքային ուղին մեկնարկել է դեռևս հեռավոր 1964 թվականին, երբ աշխատանքի է անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հաշվողական կենտրոնի տնտեսավիճակագրական լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1969-ից՝ որպես խմբի ղեկավար և սեկտորի վարիչ։

Հակոբ Հակոբյանը հիրավի կանգնած է եղել ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի հիմնադրման ակունքներում։ 1972 թվականից դասախոսական աշխատանք է կատարել ԵՊՀ-ում, ապա մեր համալսարանի վիճակագրության ամբիոնում, իսկ 1996-2008 թթ․ զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը։ Նրա գործուն մասնակցությամբ և հմուտ ղեկավարությամբ մեր հանրապետությունում ձևավորվել ու իրապես կայացել է վիճակագրության մի ամբողջ դպրոց։

Հակոբ Հակոբյանն իր իմաստնությամբ, հանգիստ և անսահման բարի բնավորությամբ, միաժամանակ՝ սասունցու համառ բնույթով ու շիտակ մտավորականի անկաշառությամբ և սկզբունքայնությամբ ավելի քան 45 տարի աշխատել ու արարել է ՀՊՏՀ-ում։ Զարմացնող համեստությամբ ու կարծես աննկատ, միաժամանակ՝ անսահման սիրով է նվիրվել իր առաքելությանը: Եվ այս փառավոր աշխատանքային գործունեության արդյունքն առաջին հերթին իր մեծաթիվ աշակերտներն են, որոնց մասնագիտական կարողությունները զարգացնելուց զատ, գուցե նաև՝ առաջին հերթին, Հակոբ Հակոբյանը կարևորում էր մարդկային իրական արժեքների պահպանումն ու դրսևորումը, արժանապատիվ ու սկզբունքային կենսակերպը։ Եվ հենց այս արժեքներով էլ ապրեց, աշխատեց ու իր երկրային ուղին փառքով և խաղաղությամբ ավարտեց ճշմարիտ Մարդ Հակոբ Մելքոնի Հակոբյանը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին