Կյանքից հեռացել է ՀՊՏՀ վաստակաշատ դասախոս Սպարտակ Սարատիկյանը

22.03.2021
Դիտումների քանակ՝ 2565

Ցավով  հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, հարգարժան դասախոս-գիտնական Սպարտակ Լևոնի Սարատիկյանը (ծնվ. 1954 թ.)։

Ավելի քան 40 տարի նա գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Տնտեսագիտական մայր բուհում՝ սերունդներ կրթելով ու նրանց փոխանցելով տնտեսագետ-ապրանքագետի հմտություններ, սերմանելով մարդկային բարձր արժեքներ։

Սպարտակ Սարատիկյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում որակի գնահատման հիմնահարցերն էին, գիտական ուսումնասիրություններ է կատարել  «Բուհական ուսուցման որակի գնահատման մասին», «ՀՀ-ում խոշոր բիզնեսի դերի գնահատման շուրջ», «Ապրանքների սպառողական արժեքների մեկնաբանման իմացաբանական որոշ հարցերի շուրջ», «Սոցիոլոգիական հետազոտություններն ապրանքագիտության մեջ» թեմաներով։

Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մարդումյանի խոսքով՝ Սպարտակ Սարատիկյանն իր գործի նվիրյալն էր, լավ գիտնական ու լավ մարդ։

«Նա միշտ պահպանում էր իր ուսանողների հետ կապը, ուրախանում նրանց հաջողություններով, իմաստուն խորհուրդներ հղում։ Սիրված էր թե՛ ուսանողների շրջանում, թե՛ գործընկերների։ Պարտաճանաչ էր, իր գործը կատարում էր ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց ամբիոնի վարիչը։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին