ՀՊՏՀ դասախոսներն այցելել են RISEBA կիրառական գիտությունների համալսարան

01.06.2023
Դիտումների քանակ՝ 1141

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 21-27-ը RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարանում էին ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Տաթևիկ Վարդանյանը, նույն ամբիոնի դասախոս Տիգրան Միքայելյանը և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս Արփինե Հակոբյանը։

Տաթևիկ Վարդանյանը գործընկեր համալսարանի «Եվրոպական գործարարություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների համար հանդես է եկել «Աշխատուժի միգրացիա. հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր» թեմայով դասախոսությամբ, իսկ Արփինե Հակոբյանը նույն կուրսի ուսանողներին ներկայացրել է «Կառավարչական հաշվառումը՝ որպես գիտություն» թեման։ Տիգրան Միքայելյանը «Բիզնեսի կառավարում» մասնագիտության ուսանողների համար դասախոսել է «Լոգիստիկայի միջազգային մրցունակության բարձրացման հիմնահարցերը» թեմայով։ Դասախոսների փոխանցմամբ՝ երեք բանախոսություններն էլ անցել են ակտիվ քննարկումների, հարցադրումների մթնոլորտում։ Ուսանողները ծանոթացել են նաև ՀՊՏՀ-ի ուսումնական և գիտակրթական ծրագրերին։

Մեր դասախոսներn արդյունավետ հանդիպումներ են ունեցել նաև RISEBA-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Իվիտա Ֆայտուշայի, «Եվրոպական գործարարություն» կրթական ծրագրի տնօրեն Ինեզե Կուկլեի, «Բիզնեսի կառավարում» կրթական ծրագրի տնօրեն Ալեքսանդր Սկվորցովսի, Կարիերայի զարգացման տնօրեն Աննա Գրետա Պիլսումայի, «Էրազմուս+» ծրագրի ղեկավար Լայմա Զագարեի, համալսարանի վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները հյուրընկալող կողմին ներկայացրել են մեր բուհը, գիտական ու կրթական ծրագրերը, դիտարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ հետազոտությունների իրականացման, գիտակրթական և ուսումնական ծրագրերի շուրջ երկու բուհերի համագործակցության վերաբերյալ։