«Ռոբոդել». Ռոբոտ առաքիչը՝ իրականություն

25.04.2022
Դիտումների քանակ՝ 1086

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես»  նորարարական բաղադրիչով շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է նախագիծ, որի նպատակն է սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, տրամադրել գործնական կապերը ընդլայնելու նպաստավոր պայմաններ՝ բիզնեսը զարգացնելու համար։ Աքսելերացիոն ծրագրի շահառուներն են տարբեր բնույթի 6 ստարտափներ։ Ծրագրի շրջանակում փետրվարի 22-ից ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկել և շարունակվում է թեմատիկ դասընթացների, ինչպես նաև մենթորների հետ համագործակցության փուլը, որի ընթացքում մասնակիցներն արդեն ծանոթացել են ստարտափներում մտավոր սեփականության պաշտպանության խնդիրներին, ֆինանսավորման փուլերին և ներդրումային գործիքներին, ֆոնդահայթայթմանը, թվային մարքեթինգին և բրենդինգին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ծրագրի մասնակից 6 ստարտափներին ներկայացնող հրապարակումների շարք է պատրաստում։ Առաջին հրապարակումը նվիրված էր Zleenk ստարտափին, երկրորդը՝ Gabby-ին, իսկ այս հրապարակումը «Ռոբոդելի» մասին է։

«Ռոբոդելի» նպատակը ռոբոտ առաքիչների ստեղծումն է, որի ուղղությամբ ստարտափի հիմնադիրներն ինտենսիվորեն աշխատում են։

Ինչպե՞ս ստեղծվեց «Ռոբոդելը»

«Մեր համահիմնադիրներից ամերիկաբնակ Արտակ Մելոյանը օրերից մի օր հետաքրքրության համար պատվեր է տեղադրում ԱՄՆ-ում գործող «Սթարշիփ» ընկերության էջում, որը ռոբոտների միջոցով առաքում է իրականացնում։ 3 կմ-ի վրա առաքելու համար ծառայությունը, որպես ակնկալվող ժամանակ, նշում է 3 ժամ, ինչը չափազանց մեծ ժամկետ էր այդ տարածության համար։ Մասնագիտական հետաքրքրություն է առաջանում, ու Արտակը, խանութից գնելով հեռակառավարման վահանակով մեքենա, փոփոխում է չիպը, սխեմաները, գրում է ալգորիթմ և աշխատեցնում մեքենան ամենատարրական գործողություններ կատարելու համար»,- asue.am-ին ստարտափի ստեղծման մասին պատմում է համահիմնադիր Հայկ Քոսյանը։ Նրա խոսքով՝ Արտակն այնուհետև ձեռք է բերում այլ ռոբոտներ, կոդավորում և աշխատեցնում, ինչի արդյունքները համոզում են՝ անհրաժեշտ է մտածել ռոբոտ առաքիչների ստեղծման մասին։

Ովքե՞ր են ստարտափը նախաձեռնողները

2020 թ. ամռանը, նախնական փորձարկումներից հետո, Ամերիկայից Արտակ Մելոյանը, Հայաստանից Հայկ Քոսյանը և Հնդկաստանից Օնինդա Հաշուորդհուրլին միասին ստեղծում են «Ռոբոդելը», որը գրանցում են 2021 թվականի գարնանը։ «Մենք երեքով ծածկում ենք բիզնեսի վարման համար անհրաժեշտ մասնագիտացումների գրեթե 80 տոկոսը։ Ես, համալսարանական կրթությամբ, ֆինանսների, իրավունքի ոլորտներից եմ, Արտակը տվյալագետ-տնտեսագետ է, նաև տիրապետում է ծրագրավորման լեզուներին, իսկ Օնինդան հենց ռոբոտիկայի մասնագետ է։ Այս առումով մեր համադրությունը հաջողված է. 15 հոգանոց թիմ ունենք, այդ թվում՝ 6 տեխնիկական գիտությունների թեկնածու, մեկ NASA-ի մարսագնացի ինժեներ, և բոլորն աշխատում են անվճար, բոլորին հետաքրքիր է պրոյեկտը»,- ներկայացնում է Հայկը։

«Ռոբոդելի» ստեղծման մասին

2020 թ. ամռանն արվել են նախնական փորձարկումները, իսկ արդեն 2021 թ. գարնանը հիմնվել է ստարտափը։ «Երբ հասկացանք, որ այդ փորձարկումներն արդյունք տալիս են, թիմը հավաքվեց, և սկսեցինք ինտենսիվ աշխատել։ Մենք մտադրված ենք պատրաստել ռոբոտ, որը ռեստորանից ինքնավար կերպով ուտելիքը առաքելու է հաճախորդին՝ գետնի վրայով՝ փողոցներով, հեծանվային ճանապարհով։

Ռոբոտ՝ Երևանի փողոցներում. ի՞նչ տեսք ունի ստարտափն այժմ

«Եվս մի քանի ամիս, և կունենանք ֆիզիկական առաջին ռոբոտը Հայաստանում՝ Երևանի փողոցներում փորձարկելիս»,- ասում է Հայկը՝ հավելելով, որ մեկուկես տարվա ընթացքում իրենք գրել են բոլոր ալգորիթմները, թեստավորել են ծրագիրը վիրտուալ իրականության մեջ, իսկ այժմ մի շարք դրամաշնորհների միջոցներով պատրաստում են առաջին ռոբոտի նախատիպը. «Էլեկտրոնիկայի մեծ մասն արդեն Հայաստանում է, մյուս մասն էլ կգա առաջիկայում ու կսկսենք հավաքել։ Այս փուլում դեռևս վաղ է մտածել գործարանային հոսքագծով արտադրանքի մասին. մեր նպատակն է Հայաստանում պատրաստել առաջին ռոբոտների խումբը, աշխատեցնել դրանք ԱՄՆ-ում, ինչից հետո արդեն ներդրումներ ստանալ և խորամուխ լինել արտադրության համար ամենաբարենպաստ միջավայրի ստեղծման մեջ։ Իհարկե, շատ կուզենանք, որ այն լինի Հայաստանը»։ Հայկի խոսքով՝ Հայաստանում ռոբոտների ներդրման համար պայմաններն այս պահին այդքան էլ նպաստավոր չեն մի քանի պատճառով՝ ֆիզիկական միջավայրը, այսինքն՝ փողոցները հարմարեցված չեն, ֆինանսապես շահեկան չէ, քանի որ առաքիչների վարձատրության գումարը համարժեք չէ ռոբոտ աշխատեցնելու ծախսերին։ «Մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է, խնդիրները շատ են՝ ռեստորաններին ֆինանսապես հարմար չի լինի առաքման համար վճարել ռոբոտներին, որովհետև դա բարձր արժեք կունենա, պատրաստ չէ նաև քաղաքային էկոհամակարգը, կա նաև մասնագետների պակաս՝ լավ մասնագետները չափազանց քիչ են և ծանրաբեռնված։ Եվ չնայած այս խնդիրներին՝ մենք ցանկանում ենք մեր նախագիծը կյանքի կոչել Հայաստանում, որովհետև Հայաստանում նորամուծական գաղափարներ կյանքի կոչելու համար պայմանները նպաստավոր են, օրենսդրությունը խիստ չէ, մասնագետները բարյացակամ են տրամադրված, սրտացավ են»,- ասում է Հայկը։

Մասնագիտական նյութեր, որակյալ դասընթացավարներ. ՀՊՏՀ Change Lab-ում իրականացվող ծրագրի մասին

Հայկ Քոսյանը ՀՊՏՀ-ում իրականացվող աքսելերացիոն ծրագրից գոհ է. «Դասերը բավական հետաքրքիր անցան, որակյալ նյութեր ստացանք, օրինակ՝ ֆինանսների, մարքեթինգի, ներդրումային գործիքների մասին, որոնք խորացված ուսումնասիրեցինք։ Դասընթացավարները ևս հետաքրքիր էին, անսպասելիորեն օգտակար ծանոթություններ հաստատեցինք։ Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ իմ մասնակցությունից, արդյունավետ էր, ձեռք բերեցի նոր հմտություններ, կապեր։ Change Lab-ին մաղթում եմ հաջողություններ»։