Կայացավ 2023-2024 ուստարվա ՀՊՏՀ գիտխորհրդի առաջին նիստը

08.09.2023
Դիտումների քանակ՝ 1529

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուսումնական տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։

Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ռեկտորն ընդհանուր անդրադարձ կատարեց ՀՊՏՀ ընդունելությանը՝ այն գնահատելով գոհացուցիչ, ապա՝ արցախցի դիմորդների համար առկա մագիստրատուրայի շեմային քննությունների առցանց կազմակերպմանը՝ պայմանավորված ստեղծված անհաղթահարելի իրավիճակով։

Գիտական խորհրդի օրակարգի առաջին հարցը՝ 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի և առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության արդյունքների մասին, զեկուցեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը՝ վերլուծելով նշված կրթական աստիճաններում ընդունելության պատկերը՝ ըստ ՀՊՏՀ ընդունելության պլանով հատկացված տեղերի ու դրանց փաստացի համալրման և ըստ վերջին 3 տարիների ցուցանիշների։

Ընդունող հանձնաժողովի աշխատանքը խորհուրդը գնահատեց բավարար և կրթական ծրագրերի, ուսումնական գործընթացի բարելավման, բուհի կազմակերպական այլ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ ուղղեց համալսարանի ամբիոններին ու ստորաբաժանումներին։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում, որը զեկուցեց ռեկտոր Դիանա Գալոյանը, գիտական խորհուրդը առանց փոփոխությունների հաստատեց «ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը» և ուժը կորցրած ճանաչեց 2016 թ․ հունիսի 22-ի նիստում հաստատված կանոնակարգը։

«Առկա ուսուցման բակալավրիատում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգը» հաստատելու և 2019 թ․ դեկտեմբերի 18-ի նիստում հաստատված կարգը ուժը կորցրած ճանաչելու մասին զեկուցեց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Քննարկման և քվեարկության արդյունքում նոր կարգը չհաստատվեց։

Գիտխորհուրդը լսեց նաև ՀՊՏՀ ընդունված, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ ուսումնառությունը դադարեցրած, վաղաժամկետ զորացրված, սակայն ժամկետից ուշ դիմած 5 ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելու մասին հարցը և որոշեց Գրիշա Շաբուրյանի, Նորայր Բարսեղյանի, Սենիկ Շմավոնյանի, Ժիրայր Գրիգորյանի և Էրիկ Տեր-Պողոսյանի ուսանողական իրավունքները վերականգնել։

Ընթացիկ հարցերի շարքում ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց թեկնածուական ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը՝ տեղեկացնելով, որ թեմաները քննարկվել և հաստատվել են համապատասխան ամբիոններում և գիտխորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողովի՝ սույն թվականի սեպտեմբերի 4-ի նիստում։ Գիտական խորհրդի քննարկման արդյունքում հաստատվեցին ՀՊՏՀ 13 ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու գիտական ղեկավարները։

Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Դիանա Գալոյանը խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց բուհի կենսագործունեության բարելավման կարևորագույն խնդիրների վրա, մասնավորապես անդրադարձավ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՊՏՀ վարչական և ակադեմիական կազմերի աշխատավարձերի բարձրացմանը (միջինում 15%), փաստաթղթաշրջանառության կարգավորումներին, առանձնակի շեշտադրեց աշխատակիցների և ուսանողների նկատմամբ կարգապահական պահանջները, խոսեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից բուհերի միավորման նախագծի մասին և գործընկերներին հորդորեց շահագրգիռ մասնակցություն ցուցաբերել այդ գործընթացում՝ հանդես գալով առաջարկություններով և հայեցակարգային հիմնավորումներով։