Աշխատանքների բարելավումը՝ առանցքում. գիտամեթոդական հանձնաժողովը գումարեց առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 1519

ՀՊՏՀ գիտական խորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողովը՝ նախագահ, գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանի գլխավորությամբ, երեկ գումարեց անդրանիկ նիստը, որի օրակարգում էին գիտական ղեկավարների վերանշանակումների, գիտական ղեկավարների և թեմաների փոփոխության, ատենախոսությունների թեմաների հաստատման հարցեր: Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում էր նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

Հանձնաժողովի կազմը մանրամասն քննարկեց օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք պետք է տեղ գտնեն գիտական խորհրդի առաջիկա նիստի օրակարգում: Հանձնաժողովի նախագահ, պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը ողջունեց հանձնաժողովի անդամների ակտիվ և կառուցողական քննարկումը, նրանց կողմից ներկայացված առաջարկները և մոտեցումները:

«Ասպիրանտների, գիտական ղեկավարների, դեկանների և ամբիոնների վարիչների համար հանձնաժողովի աշխատանքը պետք է ընկալվի որպես աջակցող: Մեր հանձնաժողովի միակ նպատակը գործընթացի բարելավումն է և աշխատանքների արդյունավետ կազմակերպումը»,- հայտարարեց գիտության գծով պրոռեկտորը:

Մեր խնդրանքով մեկնաբանելով հանձնաժողովի անելիքները՝ Տիգրան Մնացականյանը նշեց, որ ինչպես հուշում է հանձնաժողովի անունը, հիմնական անելիքներն են համալսարանում գիտական գործունեությանը մեթոդական աջակցության ցուցաբերումը, որը վերաբերելու է թե՛ ամբիոնների հետազոտություններին, թե դասախոսական կազմի անհատական դրամաշնորհային ծրագրերին, թե՛ բուհի հետազոտական ենթակառուցվածքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին