ՀՊՏՀ-ն գրկաբաց ու ջերմորեն ընդունեց իր ուսանողներին (լուսանկարներ, տեսանյութ)

01.09.2022
Դիտումների քանակ՝ 1418

Տնտեսագիտական մայր բուհն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց ավելի քան 1100 առաջին կուրսեցիներին, որոնք կուսանեն համալսարանի վեց ֆակուլտետներում։ ՀՊՏՀ բակում թևածող տոնական մթնոլորտում նորաթուխ համալսարանականներին ողջունեց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հավաստիացնելով, որ Տնտեսագիտական մայր համալսարանն այս պահից սկսած ստանձնում է նրանց որակյալ և 21-րդ դարին համահունչ կրթություն տալու առաքելությունը։ Ռեկտորն ընդգծեց, որ մեր համալսարանում առանցքային դերակատարները հենց ուսանողներն են, և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, բոլոր աշխատակիցները ամբողջ ներուժը ներդնում են որակյալ մասնագետ և ինքնավստահ քաղաքացի կրթելու գործում։

ՀՊՏՀ ասպիրանտ Ժորա Ստեփանյանը բեմահարթակ հրավիրեց և ներկայացրեց համալսարանի 5 ֆակուլտետների դեկաններին, որոնք րոպեներ անց առաջին կուրսեցիներին իրենց ողջույնը հղեցին լսարաններում։

Ֆակուլտետներում շրջայց կատարելով՝ ուսանողներին իր անմիջական խոսքն ուղղեց նաև ռեկտոր Դիանա Գալոյանը։ Նա կրկին տեղեկացրեց, որ համալսարանում ստեղծված են ուսումնական գործունեության բոլոր անհրաժեշտ պայմանները, և ղեկավարությունը շարունակաբար ու հետևողականորեն բարելավելու է դրանք՝ հաշվի առնելով նաև ուսանողի պահանջներն ու ակնկալիքները։

Այսօր տոնականությամբ էր պարուրված նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սեպտեմբերմեկյան առավոտը․ ռեկտոր Դիանա Գալոյանը իր ողջույնն ու շնորհավորանքը անձամբ հղեց նաև նրանց։

Տոնական օրվա լուսանկարային շարքը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում, տեսանյութը՝ ՀՊՏՀ յութուբյան ալիքում։