Համագործակցության հուշագրի ստորագրում և Արցախի էլեկտրոնային գրադարանի շնորհանդես՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1795

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը այսօր Տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ գիտակրթական և գործնական ոլորտներում գործակցության մասին:

Հուշագրով նախատեսվում է ՀՊՏՀ էլեկտրոնային գրադարանի կայքում (library.asue.am) և Միավորման Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (artsakhlib.am) հրապարակելու և հանրայնացնելու նպատակով միմյանց տրամադրել գիտական ու մեթոդական աշխատանքների էլեկտրոնային տարբերակները, իրականացնել գիտակրթական ու մեթոդական գրականության և մասնագիտական զարգացմանը նպաստող էլեկտրոնային աղբյուրների փոխադարձ տրամադրման աշխատանքներ, իրականացնել երկկողմ գիտակրթական բնույթի ծրագրեր, համատեղ գիտաժողովներ, քննարկումներ, աջակցել նորարարական դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացմանը, նպաստել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական, մասնագիտական աշխատանքներին:

Հուշագրի ստորագրումից հետո նիստերի դահլիճում կայացավ միավորման նախագահ Ավետիք Հարությունյանի և միավորման ներկայացուցիչ Ավետիս Ավետիսյանի հանդիպումը ՀՊՏՀ ուսանողների հետ: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը ներկայացրեց հյուրերին` Ավետիք Հարությույանին և միավորման ներկայացուցիչ Ավետիս Ավետիսյանին: Դավիթ Հախվերդյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի տնտեսությունների ինտեգրմանը մեծապես կարող է նպաստել գիտակրթական ոլորտների ինտեգրումը և հույս հայտնեց, որ ստորագրված համագործակցության հուշագիրը կծառայի նաև այս նպատակին:

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին համագործակցության համար և նշեց, որ իր համար մեծ պատիվ է տնտեսագիտական մայր բուհում գտնվելը: Նա ներկայացրեց Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքը (artsakhlib.am), բովանդակությունը, պատմեց ստեղծման պատմությունը՝ նշելով, որ այն ստեղծվել է «Արցախն ամենուր» կարգախոսի ներքո, ներառում է շուրջ 5000 նյութ, 2500 հեղինակների, որոնց թիվը ամեն օր աճում է:

Այնուհետև ուսանողները հյուրերին ուղղեցին իրենց հարցերը, ստացան պարզաբանումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին