ՀՊՏՀ-ում մեկնարկեց «SMM ցատկ․ Արցախ» դասընթացը

18.10.2023
Դիտումների քանակ՝ 632

Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հոկտեմբերի 17-ին մեկնարկեց ՀՊՏՀ Change Lab-ի և UpGrade-ի «SMM ցատկ․ Արցախ» համատեղ դասընթացը։ Սա նմանօրինակ երկրորդ դասընթացն է ՀՊՏՀ-ում, այս անգամ՝ միայն արցախցի երիտասարդների համար։

Երկամսյա դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի SMM ռազմավարություն մշակելու Facebook և Instagram սոցիալական հարթակներում, ստեղծելու վիզուալ և տեքստային կոնտենտ, սոցհարթակներում իրականացնելու գովազդի թիրախավորում և կառավարում։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ոչ ֆորմալ կրթության ձևերը այսօր երիտասարդների առջև նոր հնարավորություններ են բացում՝ աշխատաշուկա դուրս գալու, գիտելիքները հարստացնելու և հմտությունները զարգացնելու առումով։

«Մեր նախորդ դասընթացը ցույց տվեց, որ ուսանողների մեծ մասն այստեղ ձեռք բերած գիտելիքի շնորհիվ կարողացել է աշխատանք գտնել և կայանալ։ Հուսով եմ, որ դասընթացը օգտակար կլինի նաև ձեզ։ Նաև վստահ եմ՝ դասընթացավարները առավելագույնը կներդնեն՝ փոխանցելով ձեզ որակյալ գիտելիք և հմտություն, և մենք գեթ մի փոքր կկարողանանք ինքներս մեզ սփոփել այն իմաստով, որ այս ծանր ժամանակաշրջանում ձեր կողքին ենք եղել»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ ՀՊՏՀ-ն, որպես միջնորդ օղակ, Արցախի մեր հայրենակիցներին աջակցում է նաև աշխատանքի տեղավորման հարցում:

Change Լab-ի համահիմնադիր տնօրեն Արտակ Ասլանյանն էլ հույս հայտնեց, որ դասընթացը արցախցի ուսանողների համար նոր ճանապարհի սկիզբ կդառնա։

Նշենք, որ դասընթացը զուգակցվելու է փորձառությամբ՝ գործող բիզնեսների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։ Ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույնները՝ վարձատրվող փորձառության, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հնարավորություն։