ՀՊՏՀ-ի և «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ի միջև նոր գործակցության սկիզբ դրվեց

19.10.2023
Դիտումների քանակ՝ 1118

Հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդգար Զաքարյանին, աշխատակազմի ղեկավար Զոյա Ոսկանյանին և ընկերության ՄՌԿ մասնագետ Լիանա Ղևինյանին։ Կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը հերթական անգամ գործնական հարթության վրա դրեց համալսարան-գործատու հարաբերությունը։

«Գործատուների հետ կապը մեզ համար առաջնային է, և պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած տեսակի համագործակցության համար, հատկապես, եթե այդ համագործակցությունը վերաբերում է ուսանողների ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ծրագրերին։ Մենք փորձում ենք ավելի արդիական գիտելիք և հմտություն փոխանցել մեր ուսանողներին՝ աշխատաշուկան որակյալ ու պահանջված կադրերով համալրելու առումով»,-ասաց Դիանա Գալոյանը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ գործակցությունը արդյունավետ ծրագրերի իրականացման հարթակ կծառայի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդգար Զաքարյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները․ «Աշխատաշուկայում կան մասնագիտություններ, որոնք տեսանելի ապագա ունեն։ Դրանց թվում են վաճառքի մասնագետները։ Մենք ընտրում ենք երիտասարդ և բանիմաց մասնագետների և զարգացնում նրանց կարողությունները։ Դրա համար մեծ սիրով ու պատասխանատվությամբ ցանկանում ենք համագործակցել Տնտեսագիտական համալսարանի հետ։ Ուրախ կլինենք այս համագործակցությունը գործնական հարթակ տեղափոխել, ինչը կզարգացնի մեր ընկերության վաճառքի բաժինը, երիտասարդ մասնագետներին աճելու և զարգանալու հնարավորություն կընձեռի, իսկ բուհին՝ ևս մեկով ավելացնելու գործատուների ցանկը»։

Կողմերը պայմանավորվեցին քննարկել և մշակել համագործակցության նորանոր ձևաչափեր։