ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Սոցիալական և ավանդական ձեռներեցություն» թեմայով դասընթացը

18.11.2022
Դիտումների քանակ՝ 1727

ՀՊՏՀ Change Lab-ը, Սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոցի հետ համատեղ, նոյեմբերի 18-ին սկսեց «Սոցիալական և ավանդական ձեռներեցություն» թեմայով դասընթացը, որը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու սոցիալական և ավանդական ձեռներեցության մոդելներին, գործիքակազմերին, առաքելությանը, զարգացնելու ձեռնարկատիրական մտածողություն ու կարողություններ։

Սա Change Lab-ի՝ երեք տարի շարունակ տարբեր ձևաչափերով կազմակերպվող դասընթացներից հերթականն է, որի միջոցով իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունը ՀՊՏՀ ուսանողներին կփոխանցեն ոլորտի լավագույն փորձագետներ՝ կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրական ոլորտի առաջատար մենթոր Կարեն Սարգսյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր, սոցիալական ձեռներեցության ոլորտի առաջատար մենթոր Գոհար Մկոյանը և ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիր, բիզնեսի կառավարման և զարգացման խորհրդատու, Executive Management ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Ասլանյանը։

Դասերի ընթացքում բանախոսները ոչ միայն տեսական համակողմանի գիտելիք կփոխանցեն, այլև խմբային քննարկումների և պրակտիկ դասերի միջոցով կամրապնդեն այդ գիտելիքը։

«Փոփոխությունների թիմը» դասընթացին մասնակցության 115 դիմում-հայտ է ստացել։ Ի դեպ, հետաքրքրական է, որ կազմակերպիչների կողմից դասընթացի մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ միայն 5 տոկոսը գիտի, թե ինչ է իրականում սոցիալական ձեռներեցությունը։ Հետևաբար, դասընթացի կազմակերպումը, ըստ ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիր Արտակ Ասլանյանի, կարևոր է, և պետք է առավելագույնս օգտվել ոչ ֆորմալ կրթության ընձեռած հնարավորություններից՝ աշխատաշուկա դուրս գալու, գիտելիքները հարստացնելու և հմտությունները զարգացնելու առումով։

Արտակ Ասլանյանից նաև տեղեկացանք, որ դասընթացի լավագույն հինգ մասնակիցները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով կրթությունը շարունակելու ՍՁ դպրոցում և Միջազգային ակադեմիայում, իսկ լավագույն գաղափարները կֆինանսավորվեն ու կյանքի կկոչվեն։

Գոհար Մկոյանը ոլորտի լավագույն փորձագետներից է՝ 39 գիտական հոդվածի հեղինակ և ավելի քան 12 ՍՁ-ների համահիմնադիր։ Համոզված է՝ դասընթացը լիովին կփոխի մասնակիցների աշխարընկալման կերպն ու պատկերացումները, կօժտի աշխատանքային կարողություններով։

«Այս դասընթացի միջոցով մենք փորձելու ենք ուսանողներին փոխանցել սոցիալական ձեռներեցություն հիմնելու և զարգացնելու անհրաժեշտ գիտելիք և հմտություն, աջակցել նրանց բիզնես նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Գոհար Մկոյանը։

Դասընթացը կամփոփվի դեկտեմբերի 14-ին, ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր։