Ուսանողակենտրոն համագործակցություն Երևան Մոլի հետ․ մեկնարկը՝ Spectrum ծրագրով

28.06.2021
Դիտումների քանակ՝ 1609

ՀՊՏՀ-ն և Երևան Մոլը, կարևորելով գործընկերության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործնական մակարդակում, հունիսի 25-ին կնքեցին համագործակցության հուշագիր։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց Երևան Մոլի զարգացման տնօրեն Շուշանիկ Ավագիմյանին, որը ներկայացրեց նոր մեկնարկած Spectrum փորձառության ամառային ծրագիրը։ Երևան Մոլի այս ծրագրի մասնակիցները հաղթահարել են նախընտրական մի քանի փուլ, այնուհետև հարցազրույցի միջոցով, ծրագրին դիմած ավելի քան 80 մասնակցից ընտրվել են 13 լավագույնները։ Ուրախալի է, որ 13-ից 9-ը  ՀՊՏՀ ուսանող է։

Ինչպես նշեց զարգացման տնօրենը՝ ծրագիրը նախատեսված է խելացի ու խանդավառ երիտասարդների համար և նպատակ ունի հնարավորություն տալ առաջադեմ երիտասարդներին ձեռք բերել գործնական հմտություններ, թիմային աշխատանքի փորձ ու աշխատաշուկային համապատասխան խթանել նրանց մասնագիտական զարգացումը։ Փորձառության ընթացքում ուսանողները կհմտանան բիզնեսի կառավարման, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսների և հաշվապահության ոլորտներում։

«Երևան Մոլն առաջինն է առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոններից, որի հետ մեր բուհը համագործակցության հուշագիր է կնքում։ Մեր համալսարանը բաց և ճկուն է, և պատրաստակամ ենք գործակցել ուսանողի գործնական հմտությունները զարգացնող տարբեր ձևաչափի ծրագրերի շրջանակներում, թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ»,-ասաց Դիանա Գալոյանն ու հպարտությամբ արձանագրեց ՀՊՏՀ-ականների հաջողությունը Spectrum ծրագրում: Այս առիթով ռեկտորը հավելեց, որ մեր ուսանողներն ակտիվ են, նախաձեռնող, և նրանց զգալի մասն աշխատում է դեռ ցածր կուրսերից։

Վավերացնելով հուշագիրը՝ Դիանա Գալոյանը և Շուշանիկ Ավագիմյանը արդյունավետ ծրագրերի իրականացման հույս հայտնեցին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին