ՀՊՏՀ-ն՝ T-GREEN միջազգային նախագծի մասնակից

10.04.2023
Դիտումների քանակ՝ 1210

2023 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս +» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) եռամյա նախագիծը, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

T-GREEN-ը բուհերում իրականացվող մագիստրոսական կրթության բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրեր՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակը ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ ընդունողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումն է, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականությանն ու կրթական բովանդակությանը։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

Նախագծի մեկնարկային առցանց հանդիպման ընթացքում (4-5 ապրիլի, 2023 թ.) ներկայացվեցին նախագծի հիմնադրույթները, աշխատանքների կատարման պատասխանատուները և ժամկետները, անդրադարձ կատարվեց առանձին գործողությունների փաթեթներին։