ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերն ավարտվեց՝ գրանցելով նոր մարզական նվաճումներ

06.12.2023
Դիտումների քանակ՝ 687

Աշնանային փուլի առաջնությունների ավարտով եզրափակվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերը, որին մասնակցեցին հանրապետության պետական և ոչ պետական 25 բուհերի 1500 ուսանողներ։ Այս տարի ծրագրում ընդգրկված էին 12 մարզաձևերի 14 առաջնություններ։

ՀՊՏՀ-ն, որը նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գործընկերն է, ոչ միայն ակտիվ մասնակցություն ունեցավ ուսանողական սպորտի մեծ տոնին, այլև դարձավ խաղերը հյուրընկալող բուհ։

Աշնանային փուլում մեր մարզիկները հաջողություններ գրանցեցին աղջիկների և տղաների վոլեյբոլի առաջնություններում՝ նվաճելով բրոնզե մեդալներ և պարանի ձգման առաջնությունում՝ արծաթե մեդալներ։

Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի գարնանային փուլում ՀՊՏՀ-ն հաջողություններ էր գրանցել լողափնյա վոլեյբոլի, հրաձգության, սեղանի թենիսի և բազկամարտի առաջնություններում։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանից տեղեկացանք նաև, որ ֆուտզալ մարզաձևը ստացել է լիգայի ձևաչափ, իսկ մեր թիմը ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբում նվաճումների է հասել․ այժմ թիմը եզրափակիչ փուլում է և պատրաստվում է գալիք տարում պայքարել ոսկե մեդալի համար։

Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ ուսանողական մարզական խաղերը մեր երկրում ամենազանգվածային ուսանողական միջոցառումն է, որն ունի սիրողական և պրոֆեսիոնալ բաղադրիչներ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողների շրջանում քարոզելու առողջ ապրելակերպ և բարելավելու ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Հիշեցնենք՝ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի կազմակերպման աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Խաղերի լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։