Միջոցառում՝ նվիրված 1988 թ․Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին

07.12.2023
Դիտումների քանակ՝ 576

Դեկտեմբերի 7-ը՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը, իր արձագանքը գտավ նաև Տնտեսագիտական համալսարանում: Լրացավ 1988 թ. Սպիտակի մեծ աղետի 35-րդ տարելիցը։

Այսօրվա միջոցառումը հարգանքի տուրք էր երկրաշարժի զոհերի հիշատակին և հնարավոր աղետները դիմագրավելուն պատրաստականության ու իրազեկված լինելու կոչ։

Միջոցառման կազմակերպիչը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ-ում արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանն էր, մասնակցում էին ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների 1-ին կուրսերի ուսանողները, ներկա էին ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոսները, աշխատակիցները, իսկ հյուրերն էին ՀՀ ՆԳՆ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները՝ ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոսյանը, մեթոդական բաժնի պետ Լիլիթ Ստեփանյանը, ուսումնական բաժնի գլխավոր մասնագետ Ֆլորա Մահտեսյանը։

Օրվա բանախոսն էր Սյուզաննա Կակոսյանը։ 1988 թ․ աղետալի երկրաշարժի վերաբերյալ համակողմանի և փաստագրված նրա ելույթից հետո ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին, մյուս հյուրերին և դասախոսներին։

Սիրանուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեր համալսարանն ամեն տարի կազմակերպում է հիշատակի և իրազեկման համանման միջոցառումներ՝ կարևոր ուղերձ հղելով երիտասարդ սերնդին՝ անցյալի իրադարձություններից ուսանելի դասեր քաղելու և դիմակայունության բարձր աստիճան ձևավորելու, որպեսզի աղետների ժամանակ նվազեցվեն կորուստները։

Միջոցառման մասնակիցները լռության րոպեով հարգեցին 1988 թ. Սպիտակի երկրաշարժի, ինչպես նաև Արցախյան ազատամարտերում զոհվածների հիշատակը։