Ընթերցողի սեղանին է Լիխտենշտեյնի իշխանի գիրքը՝ հայերեն թարգմանությամբ
Լույս է տեսել Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամը 2-րդի՝ «Պետությունը երրորդ հազարամյակում» գրքի հայերեն տարբերակը։ Թարգմանությունը կատարել է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը։ Ձեռնարկը հրատարակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աջակցությամբ, բուհի «Տնտեսագետ» տպարանում։
Գրքի համառոտ բովանդակությանն առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ հղմամբ և սիրով ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը Ալբերտ Հայրապետյանի հետ։
- Պարոն Հայրապետյան, շնորհավորում ենք այս կարևոր նախաձեռնությանը միս ու արյուն տալու կապակցությամբ։ Մեզ հայտնի է, որ դեռևս 2020 թ. մայիսին Դուք նամակ էիք գրել Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամ 2-րդին՝ խնդրելով իրավունք տալ՝ թարգմանելու իր հեղինակած գիրքը։ Այն ժամանակ կա՞ր վստահություն, որ իշխանը կարձագանքի Ձեզ։
- Որքան էլ ինձ համար զարմանալի էր, իշխան Հանս-Ադամ 2-րդն անտարբեր չգտնվեց նամակիս հանդեպ, քանի որ բառացիորեն մի քանի օր անց ես էլեկտրոնային նամակ ստացա իշխանին պատկանող «Վան Էք» հրատարակչությունից․ հայտնում էին, որ իրենց հետաքրքրել է իմ առաջարկը և ցանկանում են համագործակցել։ Խոսեցի ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, ստացա նրա համաձայնությունը՝ գիրքը բուհի հրատարակչությունում տպագրելու համար։ Այսպես, 2020 թ. աշնանը, երկար բանակցություններից հետո մեր բուհն ու «Վան Էք» հրատարակչական ընկերությունը պայմանագիր կնքեցին։
- Աշխարհում հազարավոր գրքեր կան, ինչո՞ւ հենց այդ գիրքը։ Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց հետաքրքրությունը իշխան Հանս-Ադամ 2-րդի հեղինակած գրքի նկատմամբ։
- Դրա համար բազմաթիվ պատճառներ կարող եմ թվարկել։ Նախ՝ որ գրքի հեղինակը հենց պետության ղեկավարն է, ով Եվրոպայի վերջին բացարձակ միապետն է, պաշտոնապես նաև Եվրոպայի ամենահարուստ միապետը։ Այս մարդն իր ամբողջ կյանքում պայքարել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար։ Երևանից ավելի փոքր Լիխտենշտեյնում, որն ունի 160 ք. կմ տարածք, բոլոր 11 շրջաններին տվել է հանրաքվե անելու և անկախանալու իրավունք։ Ընդ որում, սա միակ պետությունն է, որ չունի կրկնակի ելք դեպի ծով, այսինքն՝ ոչ միայն ինքը չունի, այլև հարևան պետությունները։ Նա հնարավորություն է տվել հանրաքվե իրականացնել և միապետությունը փոխել հանրապետության. աշխարհում ոչ մի նման պետություն չկա։ Ինքն իր մասին ասել է՝ ես քաղաքական ինովացիա եմ արել, ես ժողովրդավարական լեգիտիմությամբ առաջին միապետն եմ։ Մի խոսքով, ամբողջ կյանքում պայքարել է ժողովուրդների ինքնորոշման իրավական որոշակիության համար։ Արդեն իսկ պարզ է, որ մեզ համար սա հատկապես կարևոր է Արցախյան հակամարտության համատեքստում։
- Հետաքրքրական է նաև սեփական գրքի վերաբերյալ իշխանի ձևակերպումը՝ քաղաքական բաղադրատոմսերի խոհարարական գիրք, որով հնարավոր կլինի պետությունը վերածել ծառայություններ մատուցող ընկերության։
- Շնորհակալ եմ, որ հիշեցրիք, իսկապես, դա այդպես է։ Ընդ որում, իր բոլոր առաջարկած բարեփոխումները նա կիրառել է Լիխտենշտեյնի Իշխանապետությունում, որն աշխարհի ամենահարուստ երկիրն է՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով։ Կարծում եմ՝ սա առավել քան տպավորիչ փաստ է։
- Մեր տեղեկություններով՝ Դուք նաև նամակագրություն եք ունեցել իշխանի հետ։ Նա արդեն տեղյա՞կ է, որ գիրքը լույս է տեսել և ինչպե՞ս է արձագանքել այդ փաստին։
- Այո, արդեն տեղյակ է և իր քարտուղարության միջոցով շնորհակալություն է հայտնել։ Առաջիկայում պատրաստվում եմ գրքի մեկ օրինակ ուղարկել անձամբ իշխանին՝ հետագայում հանդիպման ակնկալիքով։
- Գրքի հայերեն հրատարակությունը թե´ ձևավորմամբ, թե´ տպագրական որակով գրեթե չի զիջում բնօրինակին։
- Ճիշտ եք նկատել։ Մեր ռեսուրսների և հնարավորությունների շրջանակում արել ենք հնարավորը, որ ստանանք լավ որակի տպագրություն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել գրքի հրատարակման գործում, մասնավորապես՝ համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսոր Դիանա Գալոյանի գլխավորությամբ, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանին, ով մեծ ջանք է ներդրել և´ բանակցային, և´ տպագրության գործընթացն արագացնելու հարցում։ Գրքի վրա բավականաչափ աշխատել են նաև մյուս գործընկերներս՝ խմբագիր Սաթենիկ Ալավերդյանն ու ձևավորող Նաիրա Խչեյանը։
- Ինչո՞վ է նման կամ տարբեր այս գիրքը հայերեն գրված կամ թարգմանված այլ գրքերից։
- Կարծում եմ՝ այս գիրքը բացառիկ է նրանով, որ գրվել է անձամբ պետության ղեկավարի կողմից, ով տարբեր դիտանկյուններից՝ քաղաքագիտական, տնտեսագիտական, թե միջազգային իրավունքի, փորձում է հիմնավորել, թե ինչու պետք է գործնականում իրացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
- Ո՞վ է գրքի հիմնական լսարանը։
- Գիրքն օգտակար աղբյուր կարող է լինել պետության կառավարման հարցերով հետաքրքրվող ուսանողների, հետազոտողների, տնտեսագիտության մեջ և միջազգային հարաբերություններում խորամուխ գիտնականների համար։ Այն մատչելի լեզվով փաստարկված աշխատանք է, որը, կարծում եմ, օգտակար կլինի հանրային լայն լսարանի համար։
Հավելեմ՝ 2022 թվականին ՀՊՏՀ-ում կազմակերպվելու է գրքի շնորհանդեսը: