«Պատերազմին հաղթածները». Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ՀՊՏՀ ուսանողներին նվիրված նոր շարք ՀՊՏՀ բլոգում
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարում մասնագիտության ուսանողուհի Մարգարիտա Խաչատրյանն այս խորագիրը մտահղացավ, որպեսզի մեզ ծանոթացնի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ՀՊՏՀ ուսանողների՝ նորօրյա հերոսների հետ: Անկեղծ ու բովանդակալից հարցազրույցների միջոցով ընթերցողը հնարավորություն կստանա ճանաչելու մեր քաջ տղաներին, որոնք, անցնելով պատերազմի ծանրագույն փորձությունը, վերադարձել են ու մղձավանջային հիշողությունները դեռ չթոթափած՝ փորձում են շարունակել ապրել, սովորել, չվհատվել, կառուցել իրենց ապագան:
Մարգարիտայի մտահղացումը ողջունել և նրան նեցուկ են կանգնել մտերիմ ընկերուհիները՝ համակուրսեցիներ Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը, Անի Դեգեմոնյանը: Նրանք պատրաստակամորեն ու սիրով կյանքի են կոչում ընկերուհու մտահղացումը, ծանոթանում տղաների հետ, հարցեր պատրաստում, զրուցում: Հետևաբար, «Պատերազմին հաղթածները» խորագիրը կյանք է առնելու և շարունակվելու է այս հրաշալի քառյակի համահեղինակությամբ:
Իսկ որպես խորագրի «նախերգանք» ձեզ ենք ներկայացնում Մարգարիտայի մտորումները:
«Քայլում եմ մայրաքաղաքիս փողոցներով, շենքերի բակերով, անցնում եմ համալսարանիս լսարանների կողքով ու բակով՝ հայացքով որոնելով ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԱՂԹԱԾՆԵՐԻՆ։ Չգիտեմ որքանով է ինձ հաջողվում գտնել նրանց, կարդալ նրանց մտքերը, թափանցել նրանց հոգու խորքը։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ, թե հենց ինչ եմ փնտրել և մինչ օրս փնտրում նրանց մեջ, բայց մի բան պարզ է՝ նրանք ունեն ամենախորիմաստ ու հարուստ հայացքները։ Հայացքներ, որոնք տեսել են ընկերոջ կորուստ, տեսել են պայքար հայրենի հողի, ընտանիքի, ընկերոջ, սիրած աղջկա ու մի ողջ ժողովրդի համար։ Հայացքների ընթերցանությունս չձգձգելու համար պարզապես պետք էր խոսել նրանց հետ ու գտնել ներքին հանգստություն։ Նրանք կենդանի վկաներն են պատերազմի, նրանք մեզ ապացուցում են, որ ՀԱՅԸ երբեք չի հանձնվում, չի պարտվում, չի թողնում ընկերոջը մենակ։
Պարզապես որոշեցի և զրուցեցի ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԱՂԹԱԾՆԵՐԻ հետ։ Նրանց հնչեցրած ամեն մի խոսքը հպարտության մի նոր ալիք էր ինձ փոխանցում, հպարտություն, որ ՀԱՅ ԵՄ։ Հայի ընկերասիրության, նվիրվածության, անկոտրում կամքի վառ նկարագիրն են նրանք»:
Հրապարակմանը ծանոթացեք այստեղ։