Ամբիոնային գիտական աշխատանքներով հանդես եկավ նաև բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը

Դիտումների քանակ՝ 1603

Տնտեսագիտական համալսարանում ամբիոնները շարունակում են ներկայացնել գիտական թեմաների շուրջ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները: Այսօր հերթը բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնինն էր: Շնորհանդեսին ներկա էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, ամբիոնների վարիչներ Աշոտ Թավադյանը, Կարեն Գրիգորյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը:

Թաթուլ Մկրտչյանը բացման խոսքում անգամ ընդգծեց, որ ամբիոնային հաշվետվությունների ներկայացման ձևաչափը արդյունավետ է, ուստի գործընթացը շարունակվում է՝ հնարավորություն ընձեռելով ամբիոններին հանդես գալ կատարված գիտահետազոտական աշխատանքների ներկայացմամբ, ինչպես նաև արդիական խնդիրների շուրջ քննարկում խթանել:

Մինչ շնորհանդեսների մեկնարկը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետև Մհեր Աղալովյանը ներկայացրեց «Սեյսմոլոգիայում և սեյսմակայուն ճարտարագիտությունում ծագող որոշ մաթեմատիկական խնդիրների մասին» զեկուցումը, ֆ. գ. դ., պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանը՝ «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթացի ինտեգրման հիմնախնդիրները բարձրագույն տնտեսագիտական կրթության գործընթացում», իսկ ամբիոնի ասիստենտ, ֆ.գ.թ Հրաչյա Ամիրջանյանը՝ «Որոշ տիպի մատրից-ֆունկցիաների ֆակտորիզացիաների մասին» թեմաները:

Սեմինարն ավարտվեց ակտիվ հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին