Ամփոփվեց «Նորամուծությունների մարքեթինգ» դասընթացի շրջանակում հայտարարված մրցույթը. հաղթող ճանաչվեց Life Food նախագիծը

30.12.2020
Դիտումների քանակ՝ 1034

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի և ասիստենտ Մարիաննա Աբրահամյանի նախաձեռնությամբ ուսումնական կիսամյակի ավարտին կայացավ «Նորամուծությունների մարքեթինգ» դասընթացի շրջանակներում հայտարարված նորարարական բիզնես նախագծերի մրցույթը, որին մասնակցում էին  մարքեթինգ մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները:

Այս մասին asue.am-ին տեղեկացրեց Լիլիթ Դադայանը՝ մանրամասնելով, որ շուրջ երեք ժամ օնլայն հարթակում ներկայացվում էին ավելի քան մեկ տասնյակ նորարարական գաղափարներ, քննարկվում դրանց կենսունակությունը արդի բիզնես աշխարհում, իրականացման հնարավորությունները և այլն:

Մրցատյանի կազմում էին  Change Lab-ի համահիմնադիր Արտակ Ասլանյանը և Smartology Business Academy-ի համահիմնադիր Արտակ Հարությունյանը, ովքեր մեծ հետաքրքրությամբ հետևում էին նախագծերի ներկայացմանը, հանդես գալիս տարբեր դիտարկումներով, հարցադրումներով և խորհուրդներով:

Վերջնական ընտրության փուլ անցան ներկայացված նախագծերից երեքը՝ World Kindness Union-ը (նախագծի հեղինակներ՝ Հակոբյան Վերոնիկա, Դոլինյան Մելանիա, Բարսեղյան Մարիամ, Կարապետյան Լիանա, Լուլուկյան Քրիստինե), Տարուբեր-ը (նախագծի հեղինակներ՝ Համբարձումյան Նաիրա, Հովհաննիսյան Իդա, Գրիգորյան Հասմիկ, Գալստյան Լիլիա) և Life Food-ը (նախագծի հեղինակներ՝ Նավասարդյան Աննա, Անանյան Անուշ, Զադոյան Ռուզաննա, Ադիբեկյան Մարիամ):

Մրցույթում հաղթող ճանաչվեց Life Food նախագծով հանդես եկած թիմը:

Մրցույթում հաղթող թիմի ուսանողները, դրամական պարգևից բացի, նախագծի իրականացման ամբողջ ընթացքում Change Lab-ի և Smartology Business Academy-ի մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին