Նվերներ, սեր ու ժպիտներ` արցախցի մանուկներին ու պատերազմում վիրավորում ստացած զինվորներին. ՈւԽ նախաձեռնությունը մեկնարկել է

30.12.2020
Դիտումների քանակ՝ 931

Ամանորին ընդառաջ արցախցի մանուկներին ու Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներին լրացուցիչ ժպիտ ու ջերմություն նվիրելը պարտադիր է. ՀՊՏՀ ուսանողական խորհրդի համոզմունքն է, որը նրանց առաջնորդել է իրականացնելու մի ջերմ ու բարի նախաձեռնություն:

Օրեր առաջ ՈՒԽ-ն հայտարարել էր նվերներ հավաքագրելու մասին, հայտարարությունը լայն արձագանք էր ստացել համալսարանականների շրջանում, և դեկտեմբերի 27-ից սկսած` ուսխորհրդականները Հայաստանի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում շրջելով` Արցախից եկած երեխաներին ու ապաքինվող զինվորներին հանձնում են իրենց հավաքած նվեր-փաթեթները:

Մեզ հետ զրույցում ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը նշեց, որ փորձում են մանուկներին ու զինվորներին ոչ միայն փոխանցել ՀՊՏՀ-ականների նվերները, այլև այն ջերմությունն ու սերը, որը յուրաքանչյուրը ցանկացել է հաղորդել նվերի միջոցով: Գրքեր, քաղցրավենիք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, տաք գլխարկներ և այլն…նվերները բազմազան և ուրախացնող են: Իհարկե, միջոցառման կազմակերպիչները մանուկների համար ստեղծում են ամանորյա հեքիաթ-շոու` Ձմեռ պապի մասնակցությամբ, իսկ զինվորներին քաջալերող խոսքեր են ասում, ժպիտով ջերմացնում նրանց օրն ու երախտագիտություն հայտնում:

Այսօր ՈւԽ-ականների ուղղությունը դեպի Դիլիջան և Ծաղկաձոր է. մանուկներին այցից հետո նրանք օրը կամփոփեն Վանաձորում` հյուրընկալվելով վիրավոր զինվորներին: Ահա այսպիսի բարի հեքիաթի տրամաբանությամբ է ՈւԽ-ն ամփոփում տարին` հույսով ու հավատով, որ ապագայում իշխելու է խաղաղությունը:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈՒԽ-ից:

ՀՊՏՀ Լրավության և հասարակայնության հետ կապերի բաժին