ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար մեկնարկել է «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացը

15.02.2021
Դիտումների քանակ՝ 2710

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հերթական դասընթացի մեկնարկը: Դասընթացն անցկացվելու է 2 փուլով. առաջին փուլը կտևի մինչև փետրվարի 27-ը, իսկ երկրորդը՝ կմեկնարկի ապրիլին: Վերապատրաստումն իրականացվում է հիբրիդային եղանակով՝ հեռավար և առկա:

«Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին մասնակցում է մասնագիտական ամբիոնների 34 դասախոս: Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից, այն իրականացնում է ՀՊՏՀ «Change Lab»-ի համահիմնադիր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Կարեն Սարգսյանը:

Վերապատրաստման մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ իր խոսքում հատուկ կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և մանկավարժական շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Դիանա Գալոյանը մատնանշեց, որ համալսարանն այսուհետ ևս հետամուտ է լինելու տարաբնույթ վերապատրաստումների կազմակերպմանը, ինչը թույլ կտա 1-2 տարում ունենալ վերապատրաստված պրոֆեսորադասախոսական անձնակազմ: Բուհի ղեկավարը նաև նշեց, որ համալսարանի գիտական խորհուրդն հաստատել է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կանոնակարգը, որը սահմանում է վերապատրաստումների կազմակերպման ընթացակարգերը:

Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանն իր հերթին նշեց, որ առաջիկա ամիսներին կազմակերպվելու են մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև օտար լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով դասընթացներ, որոնց մասին պրոֆեսորադասախոսական կազմը նախապես կտեղեկացվի:

Կարեն Սարգսյանը կազմակերպեց վերապատրաստում անցնող դասախոսների կարիքների վերհանում՝ վերապատրաստումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ներկայացրեց վերապատրաստման նպատակը, ձևաչափը, դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ. բուհի ղեկավար կազմը հուսով է, որ վերապատրաստված դասախոսներն իրենց փորձը կփոխանցեն գործընկերներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին