Մեկնարկել են ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձառությունները

10.02.2021
Դիտումների քանակ՝ 881

Նոր կիսամյակին զուգահեռ մեկնարկել են ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձառությունները: Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև հեռակա բակալավրիատի ավարտական կուրսերի 1400 ուսանողներ երեկվանից ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառություն են անցնում ՀՊՏՀ 140 գործընկեր կազմակերպություններում: Այս մասին asue.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Տաթևիկ Վարդանյանը:

Բակալավրիատում ուսումնաարտադրական փորձառությունը կանցկացվի փետրվարի 9-ից ապրիլի 2-ը, առկա մագիստրատուրայի գիտահետազոտական փորձառության ժամկետը սահմանված է փետրվարի 9-ից ապրիլի 16-ը: Հեռակա մագիստրատուրայում պրակտիկայի մեկնարկը մարտի 29-ին է: 2020-2021 ուսումնական տարվա փորձառության ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Այս տարի համավարակով պայմանավորված՝ գործում է փորձառության կազմակերպման նաև հեռավար ձևը: Մեր գործընկեր կազմակերպությունների շարքում են պետական և մասնավոր հատվածի առաջատար կազմակերպությունները՝ էկոնոմիկայի նախարարությունից մինչև առևտրային բանկեր»,-ասաց բաժնի պետը և հավելեց, որ սույն գործընթացն օգնում է ոչ միայն մասնագիտական գործնական գիտելիքները համալրել և ավարտական աշխատանքը համակողմանի կատարել, այլև աշխատանքի անցնել տվյալ կազմակերպությունում:

«ՀՊՏՀ-ն կադրեր է պատրաստում նաև այն գործատուների համար, որոնք պրակտիկայի շրջանակներում ընդունում են մեր ուսանողներին: Հետևաբար, սա աշխատանքի անցնելու լավ հնարավորություն է ավարտողների համար»,-նկատում է Տաթևիկ Վարդանյանը:

Սիրելի՛ ուսանողներ, գործընթացի կազմակերպմանը վերաբերող շատ հարցերի պարզաբանումներ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Աշխատանք և փորձառություն» ենթաբաժնում:

Մաղթում ենք հաջողություններ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին