Եթե կա մեծ ցանկություն, ապա կաշխատես մասնագիտությամբ․ Լիանա Չանախչյան

Դիտումների քանակ՝ 3801

«Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագիրը շարունակում է ասպարեզ բերել բուհի տաղանդավոր նորավարտ սաներին, ովքեր արժանիորեն իրենց տեղն են գտել հայրենական աշխատաշուկայում և նորաթուխ տնտեսագետի կարգավիճակում բուհում ստացած գիտելիքներն իրացնում են պետական և մասնավոր հատվածների կարևորագույն ոլորտներում: asue.am-ի համար նրանք ներկայացնում են իրենց հաջողության պատմությունը և հղում այն ուղերձը, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, աշխատի իր մասնագիտությամբ: Այսօր մեր հյուրը «Հանրային ֆինանսներ» մասնագիտացման  մագիստրատուրայի (2018թ. ավարտել է նույն ֆակուլտետի բակալավրիատը` «Մաքսային գործ» մասնագիտությամբ)  այս տարվա գերազանցիկ շրջանավարտ Լիանա Չանախչյանն է, ով շուրջ 1 տարի է` ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակից է: Նրա ուղերձը` ստորև:

«Ֆինանսիստի մասնագիտությունը պատահական չեմ ընտրել, ֆինանսական ֆակուլտետում պատահական չեմ հայտնվել. մասնագիտությանս հանդեպ սերը դեռ դպրոցական տարիներից է: ՀՊՏՀ-ում վեց տարվա ուսումնառության արդյունքում ստացածս անգին է, և ձեռք բերածս գիտելիքն ինձ համար մեծ արժեք ունի: Դեռևս ուսանողական տարիներին խորին համոզմունք եմ ունեցել, որ եթե կա մեծ ցանկություն և ձգտում, ապա անպայման կաշխատես մասնագիտությամբ: Եվ հենց այդպես էլ եղավ. արդեն գրեթե մեկ տարի է` աշխատում եմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունում:

Գիտե՞ք` ամենից կարևորն ինձ համար սերն է աշխատանքիս նկատմամբ: Այս դեպքում է միայն, որ այն երբեք չի վերածվում ամենօրյա կրկնվող զբաղմունքի, պարտականության:

Այո′, պետք է իսկապես սիրես աշխատանքդ, նվիրվես, բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն ցուցաբերես: Միայն այս հիմնասյուների առկայության դեպքում ներքուստ ցանկություն կունենաս կատարելագործվելու, ներկայանալու նորարարական մոտեցումներով ու գաղափարներով, կկայանաս ընտրածդ մասնագիտությամբ՝ դառնալով նվիրյալ` հայրենիքի ամուր ու կենսունակ ապագայի կերտման գործում: Ոչ պակաս կարևոր է աշխատանքիդ արդյունքը վայելելը. միշտ երազել եմ ունենալ աշխատանք, որը կկարողանա ծառայել հանրության լայն զանգվածների շահերին, որը հնարավորինս շատ մարդկանց օգտակար կլինի: Այս երազանքս, կարծես, իրականացել է…Չկա ավելի մեծ բավականության զգացում, քան զբաղվելը նրանով, ինչն իսկապես քոնն է ու քեզ դուր է գալիս: Ի վերջո, աշխատանքը, նյութական կողմից զատ, նախևառաջ պետք է բավարարի քեզ որպես անհատի, որպես մասնագետի, քանզի վերջնակետը կարևորելուց բացի, պետք է գնահատել ընթացքը, որն էլ ինքնին հենց կյանքն է:

Թե′ բուհ, թե′ աշխատանքի ընդունվելիս մշտապես առաջնային եմ համարել ինքնուրույնությունը: Թերևս սա է, որ լիարժեք ընկալում կտա այն ամենի մասին, ինչն ունես և ինչին դեռ պետք է հասնես, իսկ հետ նայելիս` կպարուրի անասելի հպարտության և ինքնավստահության վեհ զգացումով:

Ուսում-աշխատանք ճամփաբաժանը, ճիշտ է, կարող է ուղեկցվել փորձություններով, հիասթափություններով, բայց աշխատասիրությունը, կարգապահությունը, դժվարին իրավիճակներում չհանձնվելու կարողությունը (երբ թվում է, թե տարբերակներ չկան, բայց, որպես կանոն, ամենից լավ տարբերակները ծնվում են հենց այդ ժամանակ) կպարգևեն անչափ հաճելի ակնթարթներ ու զգացումներ: Յուրաքանչյուր խոչընդոտ, անշուշտ, ավելի ուժեղ և մոտիվացված կդարձնի քեզ, միայն թե` կանգ չառնես կես ճանապարհին. դա մշտապես և ամենուր ամենաանմիտ քայլն է, պարզապես պետք է ունենալ ձգտում և այն պահել ամուր հիմքերի վրա:

Ներկա և ապագա ուսանողին, նորավարտին ուղերձս հետևյալն է`օգտագործի′ր յուրաքանչյուր պահը` նորը սովորելու համար, մի′ վախեցիր սխալվելուց, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, մասնագիտությամբ աշխատելու հարցում դրսևորի′ր չմարող ձգտում, մեծ կամք և նպատակասլացություն: Մշտապես ունեցի′ր մեծ նպատակներ, անվերապահորեն հավատա′ դրանց, ձեռնարկի′ր քայլեր` սեփական ուժերիդ ճիշտ գնահատմամբ և հիշի′ր, որ ամենից առաջ պետք է ունենալ հավատ ինքդ քո հանդեպ և այն ամենում, ինչ անում ես, քանի որ իրական ցանկության դեպքում, անշուշտ, բոլոր բարձունքները նվաճելի են: Եվ որ ամենից կարևորն է` ինչ հաջողությունների էլ հասնես, երբե′ք չկորցնես երախտապարտ լինելու զգացումն ու ունեցածդ գնահատելու հատկությունը: Բարին ընդ քեզ, ՀՊՏՀ-ական»:

Իսկապես, ինքնուրույնությունը, որի մասին խոսում է Լիանան,  դաստիարակություն է, որը մարդուն դարձնում է ճկուն ու դիմացկուն, աշխատասեր, համառ ու հաղթող:Մաղթում ենք, որ բոլորդ հաղթող լինեք` առաջնորդվելով մարդուն գեղեցկացնող աշխատասիրությամբ…Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, և ուրեմն, աշխարհում ամենագեղեցիկներից մեկը եղեք:

Հ.Գ. Մեր այս խորագրի նախորդ հրապարակումներին`  Ծովինար Սարգսյանի և Տիգրան Ղալայանի ուղերձներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին