ԳԿ հետազոտական ծրագրի թեմայի շրջանակում տեղի է ունեցել առցանց գիտական սեմինար մակրոէկոնոմիկայի ամբիոնում

Դիտումների քանակ՝ 1405

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը հուլիսի 7-ին կազմակերպել է  առցանց գիտական սեմինար՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» թեմայի շրջանակներում:

Գիտական սեմինարի նպատակն էր հետազոտական ծրագրի թեմայի առաջին և երկրորդ փուլերի առաջադրանքներով նախատեսված հետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացումը, քննարկումը և ամփոփումը:

Այս մասին asue.am-ին  տեղեկացրեց հետազոտական խմբի ղեկավար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ սեմինարին մասնակցել են հետազոտական խմբի բոլոր անդամները՝ գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ., դոցենտ, Թաթուլ Մկրտչյանը, տ.գ.թ., դոցենտներ Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, տ.գ.թ. ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը, տ.գ.թ. Լուսինե Մխիթարյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի hարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետ, տ.գ.թ. Գարիկ Պետրոսյանը և ասպիրանտ Նարեկ Կարապետյանը, ովքեր հանդես են եկել ծավալուն և հետաքրքիր շնորհանդեսներով:

«Խմբի հետազոտողների կողմից մանրամասն ուսումնասիրվել և բացահայտվել են ներքին շոկեր առաջացնող գործոնները, բացահայտվել են այդ շոկերի ազդեցության ուղղությունները, տարածման մեխանիզմները, դինամիկ հավասարակշռության ապահովման ուղիներն ու հնարավորությունները ՀՀ-ում, մեկնաբանվել են տնտեսության իրական և ֆինանսական հատվածներով ներքին տնտեսական շոկերի տարածումը, գնահատվել են ներքին տնտեսական շոկերի ազդեցությունները ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական կայունության վրա, բացահայտվել են ներքին շոկերի ազդեցության պայմաններում մակրոտնտեսական քաղաքականության տարբեր արձագանքների հետևանքները մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից»,- մանրամասնեց Կարեն Գրիգորյանը:

Գիտական սեմինարի վերջում տեղի է ունեցել արդյունքների ակտիվ քննարկում, ամփոփում և հաջորդ փուլերի աշխատանքների ուղղությունների հստակեցում: Կարեն Գրիգորյանի խոսքով, գիտական արդյունքների մի մասն արդեն հրատարակվել են խմբի հետազոտողների գիտական հոդվածներում, այդ թվում՝ միջազգային ամսագրերում և գիտական զեկույցներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին