Evolution-Armenia-ի ղեկավար կազմը ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեց իրենց ընկերությունում աշխատանքի հնարավորությունները
Նոր աշխատատեղերի և ճկուն ժամանակացույցով աշխատանքի առաջարկով այսօր ՀՊՏՀ-ում էր Evolution-Armenia ընկերության ղեկավար կազմը: Գործառնությունների գծով ղեկավար Նադեժդա Աբոլան, ՄՌԿ ղեկավար Ալինա Մելիքբեկյանը, բրենդինգի և հաղորդակցության գծով մասնագետ Շուշանիկ Եպիսկոպոսյանը և անձնակազմի հավաքագրման մասնագետ Նելլի Մարգարյանը մեր ուսանողությանը ներկայացրին Evolution միջազգային ընկերության գործունեությունն ու այս թիմում աշխատելու առավելությունները։
Այսպիսով, Evolution-ը նորարարական ծրագրային լուծումներ տրամադրող շվեդական առաջատար B2B («Բիզնեսը բիզնեսի համար») ընկերություն է, որը համախմբում է վիրտուալ օպերատորներին։
asue.am-ի հետ զրույցում Ալինա Մելիքբեկյանն ասաց, որ իրենց ընկերությունն այս պահին ակտիվ համալրումների փուլում է և ուսանողներին դիտարկում է որպես պոտենցիալ աշխատակից. «Մեր ընկերությունում աշխատանքի անցնելու համար փորձը պարտադիր չէ, մենք սովորեցնում ենք, ապա աշխատակիցներին շարունակական աճի հնարավորություն ընձեռում։ Evolution-ն իր ներկայացուցչությունն ունի մի շարք երկրներում, և հուսով ենք՝ Հայաստանում այն ևս կկայանա»։
Գործատուն հավաքագրեց ներկա ուսանողների տվյալները՝ հետադարձ կապի և հարցազրույցի համար։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին