ՀՊՏՀ մարզիկների նոր հաղթանակները

17.04.2023
Դիտումների քանակ՝ 761

Այս օրերին մարզասեր ուսանողների ուշադրությունը սևեռված է ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերին։ Տարվա գլխավոր մարզական միջոցառմանը մասնակցում է հանրապետության 25 բուհերի 1500 մարզիկ։ Խաղերի շրջանակներում կանցկացվեն 12 մարզաձևերի 14 առաջնություններ և մեկ լիգա (ֆուտզալ)։ ՀՊՏՀ մարզիկները մասնակցում են բոլոր մարզաձևերի առաջնություններին։

Միջոցառման շրջանակներում արդեն կայացել են հրաձգության և բազկամարտի առաջնությունները։ Հրաձգության առաջնությանը մասնակցել են 15 համալսարանների ավելի քան 100 ուսանողներ: Աղջիկների անհատական մրցապայքարում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ուսանողուհի Սոնա Վարդանյանը։

Բազկամարտի առաջնությանը մասնակցել են 17 համալսարանների 120 ուսանողներ: Տղաների պայքարում ՀՊՏՀ ուսանողներ Ռուդոլֆ Վարդանյանը և Սերգեյ Ակոպյանը զբաղեցրել են 3-րդ, աղջիկների պայքարում Տաթևիկ Հակոբյանը՝ 2-րդ, Մերի Մարգարյանն ու Լյուդմիլա Վարդերեսյանը՝ 3-րդ հորիզոնականները։

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով ու հուշանվերներով։

«ՀՊՏՀ Երևան» ֆուտզալի թիմը ֆուտզալի բարձրագույն խմբում և Հայաստանի գավաթի խաղարկությունում հասել է կիսաեզրափակիչ և պայքարում է եզրափակիչ անցնելու համար։ Թիմում հիմնականում ընդգրկված են ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ։ Թիմի ղեկավարը ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն է, մարզիչը՝ Դավիթ Գրիգորյանը։ Գավաթին մասնակցում է 32 թիմ, «ՀՊՏՀ Երևանը» վաստակած միավորներով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում և պայքարում է հաղթանակի համար։

Մեր մարզիկներին մաղթում ենք նոր ու շարունակական հաղթանակներ։