Հավաստագրեր ստացան ՀՊՏՀ և Ազգային բժշկական պալատի կազմակերպած «Հոսպիտալ մենեջմենթ-4» դասընթացի մասնակիցները

11.06.2021
Դիտումների քանակ՝ 1497

ՀՊՏՀ-ի և Ազգային բժշկական պալատի համագործակցությամբ մեր բուհում իրականացվող «Հոսպիտալ մենեջմենթ» կարճաժամկետ դասընթացն ավարտած հերթական խումբը երեկ հավաստագրեր է ստացել։ Թվով 4-րդ դասընթացի մասնակիցները 20-ն էին՝ մայրաքաղաքի և մարզերի բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժիշկներ, բաժանմունքի վարիչներ ու աշխատակիցներ, որոնք այս վերապատրաստմամբ համալրել են իրենց վարչարարական գիտելիքներն ու հաղորդակցվել բուժհաստատությունների կառավարման արդի փորձին։ Նշենք, որ այս խմբի դասընթացը մեկնարկել է 2020 թ. փետրվարին, համավարակի պատճառով ընդհատվել է, ապա վերսկսվել 2021-ի հունվարին:

Հավաստագրերը հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը:

Դիանա Գալոյանը ողջունեց առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, ընդգծեց իր առանձնահատուկ ակնածանքը նրանց հանդեպ, շնորհակալություն հայտնեց՝ հանրօգուտ գործունեության, համավարակի շրջանում կատարած ջանադիր աշխատանքի համար։

«Ազգային բժշկական պալատի հետ մեր համագործակցությունն արդյունավետ է, «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի վերաբերյալ բավականին լավ արձագանքներ ենք ստացել։ Համատեղ իրականացնում ենք նաև առողջապահական ոլորտի կառավարմանն ուղղված մագիստրոսական ծրագրեր, որոնք կարող են լինել բժիշկների հետաքրքրության կենտրոնում, և ուրախ կլինենք ձեզ տեսնել նաև մեր մագիստրանտների շարքերում»,-ասաց ռեկտորը։

Նարեկ Վանեսյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս դասընթացն իրենց համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ լսարանում ոլորտի փորձառու մասնագետներ են։ «Ուզում եմ նշել, որ դուք COVID-19-ի դեմ պայքարում մեծ գործ եք կատարել։ Անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի հետ մեր համագործակցությանը՝ պետք է ասեմ, որ բուհի ղեկավարությունը, ի դեմս ռեկտորի, հատուկ վերաբերմունք ունի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց կարևոր առաքելության համար։ Իսկ դասընթացը հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով բուհը մեզ տրամադրել է բոլոր պայմանները»։

Հավաստագրերը հանձնելիս Նարեկ Վանեսյանը ներկայացրեց բոլոր մասնակիցներին և յուրաքանչյուրի հասցեին բնութագրական խոսքեր ասաց։

Այսպիսով, թեև որոշակի ընդհատումով, բայց կարևորը՝ հաջող ավարտով եզրափակվեց ևս մեկ «Հոսպիտալ մենեջմենթ»։

Շնորհավորում և բարի երթ ենք մաղթում վերապատրաստվածներին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին