ՀՊՏՀ-«Կոպեռնիկուս Բեռլին». արդյունավետ համագործակցությունն իրողություն է

11.06.2021
Դիտումների քանակ՝ 1465

Մայիսի 31-ին մեր համալսարանում մեկնարկեց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը միտված միջազգային սեմինարների շարքը, որը կազմակերպվել էր ՀՊՏՀ-ի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում:

Այս ընթացքում 12 երկրից 106 երիտասարդներ հրաշալի հնարավորություն ստացան գիտելիք, փորձ և հմտություններ փոխանակելու, միջմշակութային, միջանձնային հաղորդակցության միջոցով ճանաչելու և բացահայտելու նոր իրողություններ:

«Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար», «Մտածի´ր հրապարակելուց առաջ» թեմաներով սեմինարների ընթացքում մասնակիցները լսեցին գենդերային հավասարությանը, թվային տեխնոլոգիաների կիրառմանը, երիտասարդների ձեռներեցությանը նվիրված դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ կազմակերպեցին, ինչպես նաև մոտիկից ծանոթացան հայաստանյան կրթական համակարգին, նոր ընկերներ ձեռք բերեցին և այսօր եկան այն հանգրվանին, որ անչափ հետաքրքիր, հագեցած ու արդյունավետ մի շրջան ավարտվեց նշանակալի ձեռքբերումներով և վառ տպավորություններով:

Այս մասին էր նաև ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի հավաստիացումը. ««Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ մեր համալսարանի համագործացության այս ձևաչափն արդյունավետ էր և նոր հեռանկարներ խոստացող, իսկ մասնակիցների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններն էլ իրենց հերթին նոր համագործակցությունների իրական հնարավորություններ ստեղծեցին: ՀՊՏՀ ղեկավարության ջանքերը նպատակաուղղված էին և´ կազմակերպչական, և´ բովանդակային աշխատանքներին: Սեմինարներին ՀՊՏՀ հրավերով դասախոսեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մանվել Քեշիշյանը, հրավիրյալ դասախոսների թվում էին հայաստանյան առաջատար ձեռնարկատիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մասնակիցներին նաև հյուրընկալեցին՝ ծանոթացնելով հաջողված ձեռնարկատիրության իրենց փորձին: Կամավորության սկզբունքով ներգրավված էին համալսարանի ուսանողները, որոնք աջակցում էին մասնակիցներին, ծանոթացնում մեր համալսարանի ուսումնակրթական ու միջազգայնացման ծրագրերին»:

Այսօրվա սեմինարի ավարտին asue.am-ը զրուցեց մասնակիցներից մի քանիսի հետ:

Մոսկվայի պետական համալսարանի (ՌԴ) համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի աշխատակից Ալեքսանդրա Պավլյուչենկոն մասնավորապես ասաց, որ, առաջին անգամ մասնակցելով նման ձևաչափի միջոցառման, հաճելիորեն զարմացած է, թե որքան լավ էր կազմակերպված և որքան արդյունավետ ընթացք ունեցավ: «Հանդիպման առաջին իսկ օրը ծանոթություններ հաստատեցինք, հասցրինք միմյանց անունները սովորել: Սա ոչ ֆորմալ կրթության ձևաչափ է, և սեմինարների թեմաները անչափ հետաքրքրական լինելով, օրինակ՝ «թվային հետքի» վերաբերյալ սեմինարը, բուռն բանավեճեր և քննարկումներ էին առաջ բերում, խթանում մտքերի աշխույժ փոխանակություն: Իսկ ձեր համալսարանը հյուրընկալորեն ընդունեց մեզ և որպես ակադեմիական միջավայր լավ տպավորություն թողեց: Ուսանողները սիրով աջակցում էին, ուղղորդում, բոլորը բարյացակամ էին»,- ասաց Ա. Պավլյուչենկոն:

Կիևի լեզվաբանական համալսարանի (Ուկրաինա) ներկայացուցիչ Իգոր Գալիցկին պատմեց, որ միջազգային կրթական համագործակցության բավականին մեծ փորձ ունի (5 անգամ մասնակցել է «Էրազմուս+» ծրագրերի), իսկ «Կոպեռնիկուս Բեռլին»-ի և ՀՊՏՀ-ի կազմակերպածը շատ բարձր է գնահատում և´ միջգիտական ու միջմշակութային շփման ու արդյունավետության, և´ կազմակերպվածության տեսանկյունից: Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն նոր գիտելիքի, նոր փորձի, այլև նոր ծանոթությունների, տեսակետների փոխանակման հնարավորություն են, որոնք նաև համագործակցության նոր հեռանկարներ են խոստանում:

ՌԴ գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Արտեմի Բոբրովն ընդգծեց սեմինարներին գիտակ ու բարձրակարգ բանախոսների ներգրավվածությունը և ինքնատիպ մեթոդաբանությունը, որը կիրառվում էր դասախոսություններին և դրանցից դուրս: «Սեմինարների ընդմիջումներն անգամ այնպես էին կազմակերպվում, որ ֆիզիկական վարժությունների միջոցով ոչ միայն լիցքաթափվեինք ու թարմանայինք, այլև միմյանց հետ շփվեինք, ավելի լավ ճանաչեինք: Բարձր եմ գնահատում այս հնարավորությունը. մեկտեղվել էին խելացի և մտավոր բարձր կարողությամբ մարդիկ, որոնք փոխանակում էին մտքեր, գաղափարներ ու փորձ, ինչը շատ արդյունավետ էր»,- ասաց Արտեմի Բոբրովը:

Մեր զրուցակիցները ջերմ խոսքեր ասացին Հայաստանի ու Երևանի մասին և ավելացրին, որ սեմինարներն ավարտվեցին, սակայն իրենք դեռ մի քանի օր կարող են վայելել երևանյան գեղեցիկ ամառն ու լինել պատմամշակութային վայրերում:

Հ.Գ. Ինչպես լուսաբանել ենք օրեր առաջ, մասնակիցներն անցած տասնօրյակում հագեցած օրակարգով ոչ միայն սեմինարների են մասնակցել, այլև՝ մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումների, ճաշակել են հայկական համեղ ուտեստները, սովորել են ազգային պարեր, շրջել Հայաստանի տեսարժան վայրերով:

Միջոցառումն իրականացվում էր ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի ջանքերով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին