«Ամբերդ» կենտրոնի փորձագետների տեսակետների հանրայնացումը կկրի շարունակական բնույթ. Դավիթ Հախվերդյան

15.02.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1928

Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետները հատկապես վերջին շրջանում ակտիվորեն հանդես են գալիս հարցազրույցներով՝ զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելով կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես՝ «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մարտահրավերներն ու հնարավորությունները» հետազոտության մանրամասները մեկնաբանում են հետազոտական խմբի անդամները։ Խմբի ղեկավար, ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աննա Փախլյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադառնում է հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տեղական արտադրողի խնդիրներին, նույն լրատվամիջոցի հետ զրույցում ՄՏՀ ամբիոնի դասախոս Տաթևիկ Վարդանյանն անդրադառնում է սահմանների բացման դեպքում հայաստանյան արտադրողների խոցելիության խնդիրներինիսկ հաղորդուղիների վերագործարկման խնդրի մասին խոսում է տ.գ.թ., դասախոս Սուսաննա Աղաջանյանը։

Կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը գարնան շեմին ահազանգում է գյուղատնտեսության ոլորտի հրատապ խնդիրների մասին։ Նրա տեսակետներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով Rusarminfo-ի հետ զրույցը։

««Ամբերդ» կենտրոնի հետազոտական աշխատանքների արդյունքների հանրայնացումը մեր գործունեության առանցքային ուղղություններից է։ Այնպես պատահեց, որ Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ մեր հետազոտության ավարտը համընկավ ՀՀ Կառավարության համապատասխան որոշման հետ, ըստ որի՝ հանվեցին Թուրքիայի հետ կապված նախկինում ընդունված բոլոր սահմանափակումները: Այս տեսակետից հետազոտությունը կարելի է իրապես հետաքրքրական համարել, հատկապես որ այն պարունակում է հիմնավորված և ապագային միտված տնտեսական գնահատականներ»,- asue.am-ին ասաց կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը։

Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի բարձրացրած թեման, կենտրոնի տնօրենի խոսքով, իսկապես տարողունակ է և առավել քան այժմեական։ «Այսինքն՝ մեր տեսադաշտում են արդիական խնդիրներ, և այս առումով, հուսով եմ, որ կենտրոնի փորձագետների տեսակետների հանրայնացումը կկրի շարունակական բնույթ»,-ասաց Դավիթ Հախվերդյանը։