ՀՊՏՀ-ում ավարտվեց հերթական կարճաժամկետ դասընթացը. հավաստագրեր ստացած մասնակիցները գոհ են ծրագրից (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1765

Երեկ ամփոփվել է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած «Խորացված MS EXCEL» կարճաժամկետ դասընթացը (մեկնարկել էր նոյեմբերի 25-ին), որը վարում էր «ԷՔՍԵԼԻՍՏ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյանը:

Կազմակերպիչները վստահ են՝ դասընթացին մասնակցած աշխատակիցները, ուսանողները ստացած գիտելիքների շնորհիվ կկարողանան հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները` գործնականում  հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

Հավաստագրերը հանձնել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ ՀՊՏՀ-ն կայանում է կարճաժամկետ դասընթացների ծառայությունների ոլորտում և հաջողությամբ արդեն իսկ իրականացրել է մի քանի դասընթաց՝ հավելելով, որ այժմ ընթանում է նաև առողջապահական ոլորտի մասնակիցների համար կազմակերպված «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը: Բուհի ղեկավարը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին և հույս հայտնել, որ նրանց ստացած գիտելիքները օգտակար կլինեն:

asue.am-ի հետ զրույցում դասընթացը գնահատեցին մասնակիցները:

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Փախլյանը նշեց, որ դասընթացի առավելություններից մեկն այն էր, որ հիմնված էր գործնական օրինակների վրա:

«Այն, ինչ ստացանք կարճաժամկետ դասընթացից, կիրառելի է և՛ դասախոսական աշխատանքում, և´ վարչականում: EXCEL-ի քիչ հայտնի գործիքները, որոնց արդեն տիրապետում ենք, շատ անհրաժեշտ են տվյալների բազաների հետ աշխատելիս: Կարևոր էր նաև այն, որ դասընթացի շնորհիվ մասնագետների հետ հաստատեցինք շարունակական համագործակցություն. հետագայում ևս նրանց կարող ենք դիմել՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար», -ասաց Աննա Փախլյանը:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աննա Կարապետյանը ևս, որպես դասընթացի հիմնական առավելություն, նշեց, որ այն բացառապես գործնական էր, և անշուշտ, կօգնի ինչպես դասախոսական աշխատանքում, այնպես էլ գիտական հետազոտություններ կատարելիս:

«Շատ բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը, գոհ եմ դասընթացից և ուզում եմ շեշտել, որ անկախ մասնագիտական փորձից, բոլորս պետք է կարևորենք շարունակական կրթությունը և ժամանակ առ ժամանակ վերապատրաստվենք»,-նշեց Աննա Կարապետյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին