«21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, և դա ֆանտաստիկ է». Ռուբեն Վարդանյանը ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 3132

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ ՀՊՏՀ-ականների երկար սպասված հանդիպումը կայացավ այսօր: Իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և տարբեր երկրների գործընկերների հետ միասին Ռուբեն Վարդանյանը ներդրումներ է կատարում լայնածավալ, բազմակողմանի նախագծերում՝ ուղղված համաշխարհային կրթության ոլորտում կայուն զարգացման նպատակների և մարդասիրական խնդիրների:

Դահլիճում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:

Հյուրին ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը ՀՊՏՀ-ականների համար սպասված է, ապա արժևորելով Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, մասնավորապես կրթական նախաձեռնությունները:

Ռուբեն Վարդանյանի խոսքը հիմնականում հասցեագրված էր ուսանողին՝ նպատակ ունենալով ոգևորել նրան, մղել սեփական կյանքը դեպի լավը փոխելուն, լավ սովորելուն, կյանքի տեսլականը կերտելուն: Ռուբեն Վարդանյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես 21-րդ դարում պլանավորել սեփական կյանքը հետագա 20 տարվա կտրվածքով (Как в XXI веке планировать свою жизнь на 20 лет вперёд): Բանախոսությունը ուսուցանող էր, բազմաբովանդակ, հայրենասիրություն ու մարդասիրություն, գիտելիքի ու կրթության հանդեպ սեր քարոզող: Առաջին հայացքից, ինչպես թեման էր ենթադրում, կարելի էր կարծել, որ գործարարի ասելիքը պետք է ուղղված լինի նրան, թե ինչպես կարելի է կերտել սեփական կյանքի տեսլականը, սակայն, հայրենասեր ու առաջադեմ գործարարը չէր կարող ամենից վեր չդասել Հայաստանի զարգացման հեռանկարը և չէր կարող այդ մեծ գործում չկարևորել ուսանողության, գիտությամբ զբաղվող մարդկանց անհատական ներդրումը:

Բանախոսությունը լսարանի հետ անկեղծ զրույց էր՝ տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերների պարագայում մրցունակ լինելու, նորարարական գաղափարներ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու, փոքր ու զարգացող երկրում կայանալու, ապագայի տեսլականն ուրվագծելու մասին և ոչ միայն:

Հանդիպման երկրորդ հատվածը ևս հետաքրքրական էր. Ռուբեն Վարդանյանը պատասխանեց լսարանի հարցերին՝ հնչած հարցերի շուրջ ներկայացնելով իր մոտեցումները: «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, և դա ֆանտաստիկ է»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը, ապա շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ՝ լավատեսորեն ավելացնելով. «Հավատում եմ, որ Հայաստանն իր 50-ամյակը նշելու է իբրև աշխարհի ամենահաջողված երկրներից մեկն աշխարհում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին