Ամփոփվեցին ևս մեկ միջազգային համագործակցության արդյունքները (ֆոտոշարք)

24.09.2021
Դիտումների քանակ՝ 1243

Եզրափակվեց ՀՊՏՀ-ի և ԵՄ «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցության շրջանակում երկրորդ նախաձեռնությունը, որը համախմբեց մի քանի տասնյակ օտարերկրացի երիտասարդների, երկու տասնյակից ավելի ՀՊՏՀ-ականների՝ դառնալով գիտելիքի և հմտությունների ձեռք բերման, փորձի փոխանակման և միջազգային աշխատաշուկային ինտեգրվելու հրաշալի հարթակ: Կրթական, ճանաչողական, փորձառական և ժամանցային ձևաչափում այն ընդգրկում էր միջազգային երկու սեմինարների շարք («Աշխատելու հնարավորությունները», «Փոխել մարդուն, ոչ թե կլիման»), դասընթացներ, դասախոսություններ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ և «Կոպեռնիկուս Բեռլին»-ի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանի, ասոցիացիայի ներկայացուցիչ, դասընթացավար Ալեքսանդրս Փոստսի, մասնակցությամբ պանելային քննարկում, տեղեկատվական միջոցառումներ, այցեր պատմամշակութային վայրեր, ՀՀ Անկախության 30-ամյակի տոնակատարություն, մասնակցություն ՀՊՏՀ Welcome party - 2021-ին և այլն՝ այսպիսով վերստին հաստատելով միջազգային համագործակցության նման խոշորածավալ ձևաչափի արդյունավետությունը:

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը asue.am-ի հետ զրույցում ամփոփեց երկշաբաթյա գործընթացը, որը, նրա հավաստմամբ, արդեն իսկ հետադարձ կապի դրական ազդակներ է արձանագրում:

«Ցանկանում եմ ընդգծել, որ համալսարանի 20-ից ավելի ուսանողներ օգտվեցին այս հնարավորությունից և, մյուս բոլոր մասնակիցների հետ միասին, ստացան հավաստագրեր: Երկու սեմինարների թեմատիկան արդիական էր, մասնակիցները մեծ հետաքրքրություն ու ակտիվություն ցուցաբերեցին»,- ասաց Անժելիկա Մուսայելյանը՝ հատկանշելով, որ ՀՊՏՀ-ն, կազմակերպելով և ապահովելով ամբողջ այս գործընթացը, ոչ միայն ձևավորում է միջազգային համագործակցության հարթակ, այլև հանդես է գալիս որպես ակադեմիական կառույց, որը շահագրգիռ է արդիական և կարևորագույն հիմնախնդիրների լուծմամբ, մտածող ու ստեղծագործող անհատների հաղորդակցությամբ, մշակույթների մերձեցմամբ։

Հայաստանից պատվիրակության մեկնումից առաջ մենք կապ հաստատեցինք «Կոպեռնիկուս Բեռլին»-ի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանի հետ, ով մեզ ուղարկեց հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «ՀՊՏՀ-ի հետ համագործակցությամբ «Կոպեռնիկուս Բեռլին»-ը կրկին արդյունավետ միջազգային սեմինարներ կազմակերպեց Հայաստանում` ՀՊՏՀ-ում: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր համագործակցությունը բազմաթիվ երիտասարդների փոխանցեց արդիական գիտելիք, կատարելագործված հմտություններ, արժեքավոր փորձ և որ պակաս կարևոր չէ՝ գաղափարակից ընկերներ: Մոտ ապագայում նախատեսում ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ և վերադառնալ Երևան՝ նորանոր ծրագրերով և նախագծերով»:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին